Եթե իրենց թիմակցին են այդպես անում մյուսներին վախեցնելու համար, պատկերացրեք, թե մեր հետևում ինչեր են արվում. Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրուցում պատասխանելով հարցին, թե արդյոք Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցածին հետո մտահոգություններ չունե՞ն, որ կարող են քրքրել ցանկացած մեկի հեռախոսի պարունակությունը, ասաց. «Իհարկե, մենք մտահոգություններ ունենք. վերջիվերջո, ես ինքս անցնում եմ մի գործով, որտեղ ոստիկանները ինձ խոշտանգել են, բայց ինձ են մեղադրում դրա մեջ։ Այսինքն՝ մենք այդ ամեն ինչը մեր կաշվի վրա զգում ենք, շատ լավ գիտենք իրենց ապօրինությունների աստիճանը»:

Նրա խոսքով՝ եթե ՔՊ-ում իրենց թիմակցից փորձում են «այդպիսի մի օրինակ ստանալ», նաև մյուսներին վախեցնելու համար, ապա «պատկերացրեք, թե մեր հետևում ինչեր են արվում»:

«Ես ու շատ ընդդիմադիր գործիչներ 1-1,5 տարի առաջ Apple-ից ստացել ենք պաշտոնական նամակ, որ մեր հեռախոսն ինչ-որ պահի ջարդվել է: Հիմա թե ո՞վ է կանգնած դրա հետևում, կարծում եմ՝ դժվար չէ հասկանալ»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Խոսելով ՔՊ-ականների այն հայտարարություններին, որով Հովիկ Աղազարյանին մեղադրում են ընդհուպ մինչեւ խաղաղության գործընթացը տապալելու մեջ, Լևոն Քոչարյանն ասաց. «Ծիծաղելի է այդ ամենը ու անհեթեթ է թվում։ Իհարկե, ես չգիտեմ մանրամասները, թե ինչի մասին են իրենք խոսում ու թե ինչի պիտի ինչ-որ մեկի հեռախոսի պարունակությունը հայտնվի ԱԺ նախագահի մոտ, սա կոնկրետ Քրեական օրենսգրքով առերևույթ հանցագործություն է, որի հետ կապված կարծում եմ՝ պետք է վարույթ սկսվի, բայց բնականաբար դա չի լինելու»:

Քոչարյանը շեշտեց՝ երբ Փաշինյանը հայտարարում է, որ հասնելու են նրան, որ Հովիկ Աղազարյանը վայր դնի մանդատը, դրանով նա ուղղորդում է իրավապահներին:

«Փաստ է, և ես համոզմունք ունեմ, որ այս ամենը չէր լինի, եթե Հովիկ Աղազարյանը համաձայնվեր ու հեշտ դուրս գար, գնար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս