Գերմանիայում Volkswagen-ի շուրջ 100.000 աշխատող գործադուլի է դուրս եկել
Volkswagen ավտոարտադրող ընկերության գրեթե 100 000 աշխատակից մասնակցել է ողջ Գերմանիայում նախազգուշական գործադուլներին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները։
«Առաջին նախազգուշական գործադուլները աշխատողների կողմից բացարձակապես վճռական ազդանշան էին Volkswagen-ի վարչության դաժան ծրագրերի դեմ», – ասել է IG Metall արհմիության խոսնակ Տորստեն Գրյոգերը:
Աշխատողները բողոքում են արտադրության մի մասը փակելու և աշխատակիցներին կրճատելու՝ ղեկավարության ծրագրերի դեմ։ Գործադուլները սկսվել են դեկտեմբերի 2-ին, ավարտվել դեկտեմբերի 3-ի առավոտյան հերթափոխի մեկնարկի ժամանակ։
Ընդհանուր առմամբ , գործադուլներին մասնակցել է Volkswagen-ի ինը գործարանի 98 650 աշխատակից Գերմանիայի տարբեր քաղաքներում։
Կոնցեռնի և արհմիության միջև բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։
Հոկտեմբերի վերջին Volkswagen-ի արդյունաբերական խորհրդի ղեկավար Դանիելա Կավալոն ասել էր, որ կոնցեռնը մտադիր է փակել առնվազն երեք գործարան Գերմանիայում և դրանով իսկ կրճատել տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Ընդհանուր առմամբ, VW-ն ունի տասը գործարան, որտեղ աշխատում է մոտ 120 000 մարդ։
Ընկերությունը նախկինում չէր բացառել, որ խնայողության նպատակներով կարող է կրճատումներ անել և արտադրամասեր փակել։ Լրատվամիջոցները գրում էին, որ կրճատումները կարող են սկսվել 2025 թվականի հուլիսի 1-ից։