ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

«Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Գերմանիայի գործընկերների հետ համագործակցությունը։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները` անդրադառնալով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի ոլորտներին։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Պաշտպանն անդրադարձել է իրավահավասարության ոլորտի օրենսդրության նախատեսվելիք փոփոխություններին, ընտանեկան, գենդերային հիմքով բռնության կանխարգելմանը և Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ աշխատանքների կարևորությանը։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է մարզերում բնակվող կանանց հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ու գործընթացներում մասնակցության խնդրին, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին: Գործընթացի հաջող իրականացման համար նա ընդգծել է տարբեր կարծրատիպերի հաղթահարման կարևորությունը։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթական համակարգի բարեփոխման ուղղությամբ, քանի որ հենց կրթական համակարգի միջոցով են շատ հաճախ փոխանցվում կարծրատիպային մոտեցումները, որոնք չեն համապատասխանում մարդու իրավունքներին վերաբերելի ժամանակակից միտումներին։

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր հարցեր․ երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները, լսված լինելու և ազատորեն կարծիք հայտնելու իրավունքը և այլն։

Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ընդունելության և բովանդակալից քննարկման համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս