ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է արել զորակոչի տարիքը նվազեցնել մինչև 18 տարեկան՝ ռազմադաշտում զինվորների շարքերը համալրելու համար. Reuters
Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Ուկրաինայի իշխանությունների վրա, որպեսզի զորակոչի տարիքը 25-ից նվազեցվի 18-ի՝ Ռուսաստանի դեմ պատերազմում մարտնչող զինվորների թիվն ավելացնելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներից մեկին։
«Այժմ մեզ անհրաժեշտ է կենդանի ուժ։ Ռուսներն իրականում առաջ են գնում՝ կայուն առաջընթաց գրանցելով արևելքում, և սկսում են ուկրաինացիներին հետ մղել Կուրսկում…. Զորակոչը և ավելի շատ կենդանի ուժն այս պահին կարող է զգալիորեն փոխել իրավիճակը մարտի դաշտում», – ասել է պաշտոնյան լրագրողների հետ զրույցում։
Ապրիլին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել էր օրենք, որով զորակոչի տարիքը մարտական գործողություններին մասնակցելու համար 27-ից նվազեցվել է 25-ի։ The Associated Press-ն իր հերթին նշում է, որ ըստ Կիևի՝ հարկավոր է զորակոչել ևս 160 000 մարդու, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյան նշել է, որ ըստ Վաշինգտոնի՝ զորակոչվածների թիվը պետք է ավելի մեծ լինի:
Գերմանիայի պաշտպանական գերատեսչության աղբյուրներից մեկն իր հերթին Reuters-ին հայտնել է, որ փակ դռների հետևում Գերմանիան նույնպես Ուկրաինային կոչ է արել նվազեցնել զորակոչի տարիքը։ Իր հերթին Ուկրաինայի նախագահի գրասենյակի աղբյուրներից մեկը հայտնել է, որ Կիևը չունի անհրաժեշտ բոլոր սարքավորումները, օրինակ՝ զրահապատ մեքենաներ, զորակոչվող զինվորներին ապահովելու համար։ Այժմ Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար զորակոչվում են 25-ից 60 տարեկան տղամարդիկ։ 18-ից 25 տարեկանները, որոշ բացառություններով, կարող են զորակոչվել և հիմնական զինվորական պատրաստություն անցնել, բայց ոչ ռազմաճակատ ուղարկվել: