Արևմուտքը փորձում է հեղաշրջում անել Վրաստանում. Նարիշկինը` «ուկրաինական սցենարի» մասին
Թբիլիսին բախվում է գունավոր հեղափոխության հերթական փորձի, այսինքն՝ պետական հեղաշրջման։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը։
«Արևմուտքը երբեք հեշտությամբ բաց չի թողնում իր զոհին։ Թբիլիսին այսօր բախվում է հերթական գունավոր հեղափոխության, այսինքն՝ հեղաշրջման փորձի։ Հուսանք` կձախողվի, ինչպես նախկինում տապալվեցին Բելառուսը և Ղազախստանը խարխլելու արևմուտքի լկտի փորձերը»,- ասել է նա:
Նարիշկինը նշել է, որ Վրաստանը, եվրաինտեգրման խոստումների դիմաց կրճատելով կապերը հետխորհրդային տարածքի հետ, իրեն մեծապես զրկեց ռազմավարական խորությունից, սակայն երկրի իշխանությունները ժամանակին գիտակցեցին այդ քաղաքականության կործանարար լինելը։
Նրա խոսքով` Վաշինգտոնում, Լոնդոնում և Բրյուսելում տարբերակներ են մշակում այսպես կոչված «ուկրաինական սցենարը» ԱՊՀ որոշ երկրների նկատմամբ կիրառելու համար: Փորձում են ազգային ինքնության ամրապնդման պատրվակով նեղ տեղային ազգայնականություն հրահրել և Արևմուտքի հետ ինտեգրման մղել։ Տեղեկություններ կան, որ ամերիկյան և եվրոպական հետախուզական ծառայությունները կայուն կապեր ունեն ԱՊՀ-ի ազգայնական կուսակցությունների և շարժումների հետ։
Նարիշկինը նշել է, որ արտասահմանյան հիմնադրամների աջակցությամբ Եվրասիայում գործում է արևմտամետ և միևնույն ժամանակ հակառուսական և հակաչինական օրակարգը առաջ մղող տեղեկատվական և վերլուծական հարթակների ու ռեսուրսների մի ամբողջ ցանց։
Նարիշկինի խոսքով՝ անվտանգության եվրասիական կառուցվածքը պետք է փոխարինի սնանկացած եվրատլանտյանին, որի դիսֆունկցիան ի վերջո ուկրաինական, ինչպես նաև մի շարք այլ ճգնաժամեր առաջացրեց։
«Անգլոսաքսոնները սիրում են պառակտել, որպեսզի իշխեն։ Մենք պետք է է՛լ ավելի միավորվենք, որպեսզի ապրենք խաղաղ և անվտանգ՝ անկախ արևմտյան դեգրադացվող տոտալիտար և լիբերալ ռեժիմների ցանկացած արտաքին արկածախնդրությունից», – հավելել է Նարիշկինը։
Հիշեցնենք` Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստը։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նիստի մասնակիցները քննարկելու են համատեղ աշխատանքի արդյունքները, հետագա փոխգործակցության առաջնահերթությունները։