Անդունդից հեռու լուսավորյալ կյանքը
«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս 118:105):
Սուրբ Գրքի հաճախակի ընթերցումը լուսավորում է մարդու խիղճը և տեսանելի դարձնում բոլոր մեղքերը:
Աստծո հզոր խոսքի ներկայությամբ ի չիք է դառնում չարը: Բայց այդ խոսքի բացակայությունը խորը և մեծ անդունդի առաջացման պատճառ է դառնում:
Անդունդի առկայությունը սպառնացող վտանգ է Քրիստոսի արյունով գնված յուրաքանչյուր մարդ արարածի համար: Անդրադառնալով այդ վտանգներին՝ նշենք նրանցից մի քանիսը: Աստծո խոսքի չիմացությամբ մարդն անտարբեր է գտնվում իր իսկ փրկության հանդեպ, այն փրկության, որ արյունով է գնված: Աստծո մասին զրույցներում շատ հաճախ լսելի են հետևյալ խոսքերը՝ Աստծուն հավատում եմ, բայց Քրիստոսի երկրորդ գալուստ, դատաստան, հավիտենական կյանք կամ տանջանք անհավանական և անհավատալի եմ համարում: Զրույցի ընթացքից էլ պարզ է դառնում, որ Աստծուն հավատացող «քրիստոնյա» անձն ունի իր նկարագրած այդ հաստափոր սև գիրքը՝ Աստվածաշունչը, բայց երբեք չի ընթերցել և ծանոթ չէ բովանդակությանը:
Սուրբ Գրքի, եկեղեցու ուղղափառ հավատքի և սրբազան ավանդության չիմացության հաջորդ վտանգն այն է, որ մարդը թիրախ է դառնում տարաբնույթ և ուղղափառ հավատքից հեռու մի շարք կրոնական կազմակերպությունների համար:
Մարմնից և հոգուց կազմված մարդը շատ հաճախ ամենայն բծախնդրությամբ հոգ է տանում միայն մարմնի մասին, անուշադրության մատնելով անմահ հոգին, կարծես այն նրա կյանքում անգամ գոյություն էլ չունի: Այնինչ մարմինը խնամելուց բացի, անհրաժեշտ է նաև հոգին խնամել, սնել և բուժել:
Անդունդից հեռու կյանքը մեծ խաղաղություն և ապահովություն է: Սուրբ Գրքի աշխարհից ներս հոգին սկսում է թևածել, ազատվում է անմաքուր մտքերից՝ վայելելով մեծ անդորրություն և հանգստություն:
Հոգին լուսավորելու և սնելու միջոցներից մեկն է Սուրբ Գիրքը: Հոգու համար առողջարար է կանոնավոր սնունդը, միանգամից և մեծ չափի սնունդը կարող է վնասել հոգուն:
Սուրբ Գիրքն անվերջանելի և անսպառ մի հարստություն է: Ավետարանական «Թաքնված գանձ»-ի (Մատթեոս 13:44) առակի համաձայն՝ այդ գանձը (եկեղեցու հայրերը թաքնված գանձը համարում են նաև Սուրբ Գիրքը) գտնողը հանուն այդ գանձի պատրաստ է ամեն ինչից հրաժարվել: Այդ գանձից բխող խրատներն ամեն անգամ կարծես նորովի հնչեն, քանի որ այն ոչ թե մարդու, այլ Սուրբ Հոգու թելադրանքն է:
Իր պարզությամբ, բայց և խորությամբ, այն այնքան իմաստուն է կառուցված, որ երբեք չի կորցնում իր ուժը և քաղցրությունը, այլ հակառակը՝ որքան հարազատանում է սրտին, այնքան դառնում է ավելի ուսուցողական: «Կարելի է մի ամբողջ դար ապրել և անդադրում կարդալ միայն Ավետարանը և այդպես էլ մինչև վերջ չյուրացնել: Թեկուզ հարյուր անգամ կարդա, բայց կարդալու շատ-շատ բան կմնա» (եպիսկոպոս Ֆեոֆան): Կարևոր մի հանգամանք՝ Աստծո խոսքի խրատն ընթերցողն իր անձի համար պետք է նկատի ունենա՝ հեռու այլ անձերին դատելու մեղքից:
Աստծո խոսքի շնորհիվ մարդն երես առ երես հանդիպում է Աստծուն և իրեն: Բացի այդ տեսնում է, թե ինչպես այդ աշխարհի բարեպաշտներն էլ երբեմն ընկել են մեղքի մեջ, կամ մեղավորներն ապաշխարությամբ սկսել են ճիշտ ուղով ընթանալ: Այս օրինակների կարևոր դասն այն է, որ բարու մեջ հաստատվածը չպետք է տրվի անհոգության, տեսնելով, որ բարեպաշտն էլ կարող է մեղքի մեջ ընկնել, իսկ մեղքի մեջ ընկածն էլ չպետք է հուսահատվի՝ իմանալով, որ բազում մեղավորներ են ապաշխարությամբ բուժվել:
Աստվածաշունչ կարդալիս պետք է զգուշանալ ինքնուրույն մեկնաբանություններից, քանի որ ըստ եկեղեցու հայրերի, ով Ավետարանն ու բովանդակ Աստվածաշունչը մեկնում է կամայականորեն, նա դրանով իսկ մերժում է սուրբ հայրերի՝ Սուրբ Հոգով մեկնությունը: Ով մերժում է Սուրբ Գրքի մեկնությունը Սուրբ Հոգով, նա, անկասկած, մերժում է նաև Սուրբ Գիրքը: Սբ. Եփրեմ Ասորին խորհուրդ է տալիս Աստծո խոսքը կարդալուց կամ լսելուց առաջ աղոթել Աստծուն՝ խնդրելով Նրան, որ լուսավորի միտքը, բացահայտի Իր խոսքի զորությունը, քանզի շատերը ապավինելով իրենց հասկացողությանը, սրբապղծության մեջ ընկան և կործանվեցին:
«Խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Ա Պետրոս 1:24):
Կարինե Սուգիկյան