Մորթապաշտների մորթը
«Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- տավուշյան հանգստից վերադառնալուց հետո, ուիքենդի ընթացքում առանցքային մի քանի պաշտոնյաների ազատելուց հետո տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։
Թե որոնք են պաշտոնյաների փաթեթային պաշտոնանկությունների իրական պատճառները՝ կամ կպարզվեն ժամանակի ընթացքում, կամ կմնան անհայտ, որովհետև իրականում խոսքը ոչ թե պետական պաշտոնյաների, այլ Փաշինյանի անձնական պաշտոնյաների ազատման մասին է։
Մեծ հաշվով գործում է՝ «ինքը՝ իր պաշտոնյաները, կուզի՝ կընդունի, կուզի՝ կազատի» սկզբունքը, այն տարբերությամբ, որ նրանք վարձատրվում էին ոչ թե Փաշինյանի նախկին խոզաբուծարանից գոյացած եկամուտների, այլ պետական բյուջեի հաշվին։ Այս պատմության մեջ հետաքրքիրը ո՛չ պաշտոնազրկվածների անուններն ու ազգանուններն են, ո՛չ էլ անգամ նրանց ազատելու դրդապատճառները։
Ակադեմիական ուսումնասիրությունների համար՝ հետաքրքիր, իսկ պետության համար ողբերգական է այն, որ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգը վերածել է ամբողջությամբ իրեն սպասարկող ինստիտուտի, և դա կառավարում է այնպես, ինչպես ժամանակին վարվել է խոզաբուծարանի պարագային՝ կերակրում է այնքան ժամանակ, մինչև վրա է հասնում մորթի ժամանակը, որը, սովորաբար, համընկնում է ամանորին նախորդող շրջանի հետ, ինչպես տեղի ունեցավ պաշտոնանկությունների դեպքում։
Իսկ դրանց պատճառները ոչ թե «անձնավորված, այլ համակարգային» բնորոշելը, կրկին նույն համեմատությամբ, նույնն է՝ ինչ խոզի մորթը ներկայացնել՝ որպես կենդանիների պաշտպանությանն ուղղված միջոցառում։
Բյուրոկրատիան, պաշտոնեական դասը՝ որպես համակարգի հիմնասյուն, ունի իր կանոններն ու օրենքները, այդ թվում՝ արարողակարգային։ Համակարգային պատճառներով պաշտոնյաներին չեն ազատում կիրակնօրյա հեծանվավազքի հանգստի պահերին։ Բացի այդ՝ բյուրոկրատական և ոչ թե ներքինիական համակարգի ներկայացուցիչները «խնդրանքով» ազատման դիմումներ չեն գրում, որովհետև դա ոչ միայն անարժանապատիվ է, այլև հակահամակարգային։
Գոնե ձևական արարողակարգը պահպանելու դեպքում Փաշինյանը նրանց պետք է պաշտոնանկ աներ՝ ներկայացնելով ինչ-ինչ հիմնավորումներ։ Մինչդեռ նա ոչ միայն չի ազատել ազատվածներից որևէ մեկին, այլ «խնդրել է» ազատման դիմումների հետ մեկտեղ՝ դիֆերամբներ ձոնել իրեն ու շնորհակալություն հայտնել վստահության համար՝ ազատվողներին ստիպելով խաղալ նաև նվաստացման վերջին արարը։
Վկան՝ բոլոր պաշտոնանկ արվածների լալահառաչ տեքստերը և հուզատոչոր շնորհակալագրերը Նիկոլ Փաշինյանին։
Ժողովրդավարական, իրական թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներով գործող համակարգերում որևէ պաշտոնյայի աշխատանքից ազատելիս ներկայացվում են հիմնավորումներ, բացատրություններ և ոչ թե հայտարարվում է «համակարգային պատճառների» մասին։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, նման ձևականությունների կարիք չունի և առաջնորդվում է «Ես եմ քեզ ծնել, ե՛ս էլ կսպանեմ» գոգոլյան սկզբունքով՝ հերթական, բայց շատ ավելի համակարգային կերպով ցուցանելով հայկական իրականության գրեթե ամբողջական նմանությունը «Անասնաֆերմային»։ Այն տարբերությամբ, որ Փաշինյանը վստահ է՝ ենթակաների մեջ չի գտնվելու որևէ «Նապոլեոն» և իր դեմ ապստամբության փորձ իսկ չի ձեռնարկելու։
Առջևում հերթական կամ արտահերթ ընտրություններ են։ Հասարակությունն ականատես կլինի ետևի ոտքերի վրա քայլող խոզերի տեսարանների։