
«Բոլորիդ հետևից հերթով գալու եմ՝ ներկայի ԱՄՆ դեսպանից սկսած մինչև վերջին անկախ դիրքավորված մասնագիտական և/կամ իրավապաշտպան կառույց». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ ապօրինի ձերբակալելն ու ակնհայտ կեղծ մեղադրանք ներկայացնելը, սկզբունքայնության, բարոյականության և արժեհամակարգ ունենալ կամ չունենալու հերթական փորձառությունն էր ամբողջ բյուրոկրատական և մասնագիտական համայնքի համար, որի մասն եմ կազմում նաև ես:
Ձեզ կթվա չափազանցություն, բայց սա նաև փորձառություն է Եվրոպական Միության և ԱՄՆ Հայաստանում ներկայացուցչությունների:
Ես համբերատար սպասելու եմ, իրենք բոլորը, դուք բոլորդ պարտավոր եք դիրքորոշում արտահայտել:
Այո՛, պարտավոր եք, ոչ թե ինձ համար, այլ ձեր կողմից հայտարարված արժեհամակարգին և սկզբունքներին հավատարիմ լինելը ցուցադրելու համար: Ընտրություն և դիրքորոշում է նաև լռելը:
Այնուհետ բոլորիդ հետևից հերթով գալու եմ՝ ներկայի ԱՄՆ դեսպանից սկսած մինչև վերջին անկախ դիրքավորված մասնագիտական և/կամ իրավապաշտպան կառույց:
Հ.Գ. Սկզբունքայնությամբ աչքի ընկնող լրատվամիջոցներին կխնդրեմ սա տարածեն»: