
Բայդենը թույլ է տվել, որ Ուկրաինան ամերիկյան զենքերով հարվածի Ռուսաստանի խորքերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային թույլատրել է ԱՄՆ-ում արտադրված զենքերն օգտագործել Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով որոշման հետ ծանոթ աղբյուրների։
Ըստ նրանց՝ Ուկրաինան նախատեսում է առաջին հեռահար հարվածը հասցնել առաջիկա օրերին։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Վաշինգտոնի այս քայլը ձեռնարկվում է՝ հիմնականում ի պատասխան Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի զինվորների տեղակայման։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 17-ի երեկոյան իր ուղերձում անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված այս տեղեկություններին։
«Նման բաները չեն հայտարարվում։ Հրթիռները կխոսեն իրենք իրենց մասին», – ասել է Զելենսկին։Ըստ աղբյուրների՝ Ուկրաինայի առաջին հարվածներն, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն ATACMS հրթիռներով, որոնք ունեն շուրջ 306 կմ հեռահարություն։
Վաշինգտոնը նման որոշում է կայացնում ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից երկու ամիս առաջ։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը կփոխի Բայդենի ընդունած որոշումը։ Թրամփը բազմիցս քննադատել է Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ ֆինանսական և ռազմական օգնության մասշտաբները։