Հայաստանը պետք է ակտիվացնի Վատիկանի ուղղությամբ դիվանագիտական աշխատանքը. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր այց է կատարել Վատիկան, որտեղ հանդիպում կունենա նաեւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ:

Նոյեմբերի 4-ին իմ տելեգրամյան ալիքում արել եմ ահա այս գրառումը՝

«Ադրբեջանի ու Վատիկանի միջեւ կնքվում է գործարք, կամ առնվազն առարկայորեն քննարկվում: Սուրբ Աթոռում տեղի է ունեցել Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի գործադիր տնօրեն, Ադրբեջանի նախագահի օգնական Ալակբարովի հանդիպումը Արեւելյան եկեղեցիների հարցերով Վատիկանի պրեֆեկտ, կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ:

Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը, որի նախագահ Մեհրիբան Ալիեւան է, անցնող մոտ երկու տասնամյակի ընթացքում ֆինանսավորել է Վատիկանին առնչվող մի շարք մշակութային ծրագրեր, նորոգումներ, վերականգնումներ եւ այլն: Հասկանալի է, որ այդ ամենն արվել է «ոչ մի դիվիզիա չունեցող», բայց աշխարհում իր դավանա-քաղաքական հիմնարար կշիռը պահպանող Վատիկանի հետ քաղաքական գործարքների շրջանակում:

Դրանք փաստացի շարունակվում են, ինչի վկայությունն է կարդինալի առաջարկը՝ Վատիկանում կազմակերպել Ադրբեջանի մշակույթի օրեր, ինչպես նաեւ գոհունակությունը, որ Բաքվում կառուցվում է կաթոլիկ տաճար:

Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո կայացրեց Վատիկանում դեսպանություն հիմնելու որոշում, ինչի առնչությամբ կարծիք հայտնեցի, որ դա նշանակում է հարաբերության ինտենսիվացման նպատակադրում:

Բազմիցս խոսել եմ, որ Հայաստանը պետք է ակտիվացնի Վատիկանի ուղղությամբ դիվանագիտական աշխատանքը: Ըստ իս, Ֆրանսիայի հետ հարաբերությունը ենթադրում է այդ ուղղությամբ որոշակի միջնորդավորում, սակայն կարծում եմ պետք է հետ չմնալ ուղիղ աշխատանքի իմաստով եւս:

Ի դեպ, մի հարց, որն ինձ ամենից շատն է հետաքրքրում այն պատմության առումով, որ հիմա կհիշատակեմ: Աշխարհում Հիսուսի ամենամեծ արձանը կառուցող Գագիկ Ծառուկյանը սկսե՞լ է արձանի բացման արարողությանը Հռոմի Պապի հայաստանյան այց կազմակերպելու ուղղությամբ աշխատանք, թե՞ ոչ: Այդպիսի այց կազմակերպելու համար եթե չպահանջվի շինարարությունից ավելի երկար ժամանակ, ավելի պակաս՝ չի պահանջվի հաստատ»:

Տեսանյութեր

Լրահոս