Հայաստանը ոչ ուժեղագույն կազմով կմասնակցի բանակայինների ԱԱ-ին Երևանում, Թուրքիան՝ աշխարհի չեմպիոններով
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը։
Հայաստանի հավաքականների կազմերը դեռ չեն ներկայացվել: @wrestlingarmenia տելեգրամյան ալիքը հրապարակել է կազմերը, որոնք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից դեռեւս հաստատված չեն:
Հունահռոմեական ոճ
Տիգրան Մինասյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Գասպար Տերտերյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Աշոտ Խաչատրյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Կարեն Խաչատրյան (87 կգ) եւ Դավիթ Օվասապյան (130 կգ):
97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:
Ազատ ոճ
Արման Հարությունյան (57 կգ), Սարգիս Բեգոյան (61 կգ), Անդրանիկ Ավետիսյան (65 կգ), Արտավազդ Հարությունյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (92 կգ) եւ Հենրիկ Հայկյան (120 կգ):
86 կգ եւ 97 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:
Երկու ոճերի Հայաստանի առաջատար ըմբիշներից առաջնությանը չեն մասնակցում այժմ ժամկետային զինծառայություն անցնող Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, Արման Անդրեասյանը, Մանվել Խնձրցյանը:
Նշենք, որ Երեւանում անցկացվելիք բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցելու է 24 երկրի 400 ըմբիշ:
Մասնակից երկրների թվում է նաեւ Թուրքիայի թիմը: Թուրքիայի ըմբշամարտի ֆեդերացիան դեռ մեկ շաբաթ առաջ ներկայացրել է թիմերի կազմերը:
Նրանց թվում են հունահռոմեականներից աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Բուրհան Ակբուդակը, աշխարհի չեմպիոն Ալի Չենգիզը, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Էրկեմ Օզտյուրկը, Եվրոպայի չեմպիոն Կերեմ Կամալը, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Սելչուկ Ջանը, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, Մալխաս Ամոյանի մրցակիցներից Էմրե Բասարը: Ազատ ոճայիններից Երեւանում մրցագորգ դուրս կգան աշխարհի փոխչեմպիոն Ահմեդ Դումանը, աշխարհի բրոնզե մեդալակիր Ֆազլի Էրիլմազը եւ այլք:
Հայաստանի հավաքականի առաջատարներից Մալխաս Ամոյանը, որը ներկայումս ծառայում է ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողների զինվորական վաշտում, չի մասնակցելու: NEWS.am Sport-ի տեղեկություններով, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի մասնակցությունը նախատեսված էր, Մալխաս Ամոյանը պատրաստվում էր առաջնությանը, բայց վերջին պահին կազմում փոփոխություն է եղել, եւ Հայաստանի առաջատար ըմբիշը դուրս է մնացել կազմից:
Նույն կարգավիճակում են նաեւ ազատ ոճի ըմբիշներ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը: Նրանք նույնպես Երեւանում անցկացվելիք աշխարհի առաջնության կազմից դուրս են մնացել:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան որեւէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Ավելի վաղ հայտարարվել էր, որ բանակայինների աշխարհի առաջնությունն անցկացվում է ՀՀ ՊՆ-ի կողմից եւ, որ ՀԸՖ-ն որեւէ առնչություն չունի առաջնության հետ:
Ինչու Հայաստանն ուժեղ կազմով չի մասնակցում Երեւանում առաջին անգամ անցկացվող ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը, այն դեպքում երբ Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ առաջին համարներով են ներկայանում, հայտնի չէ:
Աշխարհի առաջնության բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: