
Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի դեմ

Տիգրան Ավինյանի կնոջ հորը՝ Արթուր Պահլավունուն ՊՊԾ նախկին պետ, Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի կողմից հարվածելու դեպքի հանգամանքները պարզվում են, «Փաստինֆո»-ին տեղեկացրել են ՔԿ-ից։
«Հաղորդում ստացվել է անձի կողմից` հարված ստանալու վերաբերյալ: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ (ֆիզիկական ներգործություն)։ Հանգամանքները պարզվում են»,- ասել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Մեդիահաբ»-ն ավելի վաղ գրել էր, որ այսօր առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։