«Սա-ն գիտի, որ գնալու հետհաշվարկը տված է»
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքան իր էջում գրում է. «Հայկական պետության լուծարման արարն արագացվել է, հենց այնպես, ինչպես արագացվել է Ուկրաինային վերջին պահին ուլտրալիբերալ Արևմուտքի կողմից շտապ տրվող ֆինանսական փաթեթը, քանի դեռ Թրամփը չի ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը:
Փաշինյանի իշխանության ամրության, նրա խաղաղության կոնցեպտի անայլընտրանքի, նրա «թիմի» իրեն հավատարմության, ՀՀ ուժայինների անվերապահ աջակցության, արտաքին և ներքին լեգիտիմության մասին դատողությունները, որքան սխալ ու փուչ են, նույնքան էլ սնանկ ու միֆական: Դա ամենից լավ գիտի հենց Փաշինյանը:
Չգիտեմ՝ այդ փուչ ու սնանկ երևույթների իբր ամրության հավաստմամբ ու ապացուցմամբ, բացի իշխանականներից, ինչու են նաև հակափաշինյանական որոշ ուժեր գիտակից/անգիտակից զբաղվում: Չնայած գիտեմ՝ ինչու, բայց այն, որ դա իր բնույթով հայկական պետության լուծարմանն ուղղված գործողությունների առումով ազատ դաշտում գործելու արդյունք է՝ ևս փաստ է:
Վստահաբար սուպերբյուրոկրատացած և ներքին մրցակցության մեջ գտնվող այլևս ոչ չքավոր նախկին անապագա քաղ.չքավորներն այլևս կորցնելու շատ բան ունեն և վաղուց արդեն մտածում են «անդունդի դիմաց կա՛մ Փաշինյանը, կա՛մ իրենք» ընտրության պարադիգմով և սա ոչ միայն առերևույթ է, այլ նաև իրողություն է դառնում և դառնալու, երբ անջատվեն ֆինանսական հոսքերը:
Երկրում կա մեկ հարց և մեկ պնդում:
Հարցը՝ «Սա ե՞րբ ա գնում»:
Պնդումը՝ «Սա լավ էլ պինդ նստածա»:
Սա-ն գիտի, որ գնալու հետհաշվարկը տված է, իսկ մնալու ակնկալիքով վարժությունները մեկը մյուսի հետևից ձախողվում են դեռ մեկնարկ չտված:
Սա-ն լավ գիտի, որ ոչ թե պինդ է նստած, այլ իր իսկ ձեռամբ պատրաստված «ռումբի» վրա է նստած ու վախենում է, որ ֆիթիլը առանց զգուշացնելու են վառելու և դա է քաղաքականության օրգանիկան:
Չկա իշխանություն չզիջող կամ չհեռացող:
Խնդիրն այն է, թե ինչ է մնում հեռանալուց հետո ու ինչ մեծ վախեր է դա առաջացնում հեռացողի մոտ: Հեռացողը դա ավելի լավ գիտի, քան իբր հեռացնողները: Իսկ իրական հեռացնողները նույնն են:
#Համբերատարը ուժի մեջ է:
#Քաղաքականությունն էլ զուտ զբաղմունք չէ»: