1 ամսում 1 անձից գնման եղանակով՝ միլիոնավոր դրամների պայմանագրեր․ արտաքին գերատեսչության ներկայացուցչական ծախսերը
ՀՀ-ում գնումների նախընտրելի ձևը մրցույթն է. համենայն դեպս, սա օրենքի պահանջն է։ Հանրային ու մասնագիտական տարբեր շրջանակներ հաճախ խնդրահարույց են համարում մեկ անձից գնման ընթացակարգեր՝ նկատի ունենալով կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը, սակայն պետական մարմինները չեն հրաժարվում այս ընթացակարգերից։
Օրինակ, միայն այս ամիս ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու ԱԳՆ նախարարության պետական արարողակարգի ծառայությունը գնումների բազային միավորը՝ 1 միլիոն դրամը գերազանցող տասնյակ գնումներ է իրականացրել մեկ անձից ընթացակարգով։
Պետգնումների armeps համակարգից տեղեկանում ենք՝ հենց ամսվա սկզբին՝ հոկտեմբերի 4-ին կնքված պայմանագրով, ԱԳՆ-ն Մարիամ Աբգարյան Հովսեփի ԱՁ-ին է փոխանցել դեռ սեպտեմբերին կազմակերպված «Երևանյան երկխոսություն» համաժողովի ներկայացուցչական ծախսերը՝ շուրջ 23 միլիոն 600.000 դրամի չափով։
ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունն էլ նույն օրը կնքված շուրջ 1 միլիոն 400.000 դրամ արժողությամբ պայմանագրով «Բլեք մոթորս» ՍՊԸ-ին է հատկացրել սեպտեմբերի 12-14-ը ՌԴ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության տրանսպորտային ծառայությունների շրջանակներում կատարված ծախսը։
Արդեն հոկտեմբերի 9-ին կնքված պայմանագրով արտաքին գերատեսչության արարողակարգի ծառայությունը «Դափնի գրուպ»-ի հետ կնքել է պայմանագիր՝ սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի ԱԳՆ գլխավորած պատվիրակության հյուրընկալության շրջանակներում պաշտոնական ճաշի ծախսերի դիմաց վճարելով 1 միլիոն 354.000 դրամ։
Հոկտեմբերի 25-ին ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը միանգամից մի քանի պայմանագրեր է կնքել նույն՝ ՄԱ ընթացակարգով։
Պետական գերատեսչությունը նախ 13 միլիոն 343.650 դրամով «Բիլիզարդ» ՍՊԸ-ին պատվիրակել է ԵԱՏՄ տնտեսական ֆորումի և միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ֆուրշեթի սպասարկումը` ինչպես «Զվարթնոց» օդանավակայանում, այնպես էլ՝ Դվին համալիրում, ապա՝ 1 միլիոն 718.000 դրամով «Գոլդեն Փելիս» հյուրանոցից ձեռք բերել նույն ֆորումի ու նիստի շրջանակներում հյուրանոցային ծառայությունների մատուցում։ Մյուս պայմանագրերով ԱԳՆ արարողակարգի ծառայությունը դարձյալ դիմել է «Բլեք մոթորսին»՝ այս անգամ 6 միլիոն 210.390 դրամով պատվիրակելով նույն նիստի ու ֆորումի շրջանակներում տրանսպորտային ծառայությունների մատուցումը, նմանատիպ ծառայությունների համար մեկ այլ պայմանագիր էլ կնքվել է «Էլիտ քար սերվիս» ՍՊԸ-ի հետ․ պայմանագրի գինը կազմել է 1 միլիոն 380.320 դրամ։
ԵԱՏՄ միջոցառումների շրջանակներում նաև պայմանագիր է կնքվել Արմեն Մանուկյան ԱՁ-ի հետ՝ 2 միլիոն 410.000 դրամով ձեռք բերելով դրոշներ, ինչպես նաև՝ արդեն հոկտեմբերի 28-ին՝ «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի հետ ՝ 9 միլիոն 619.600 դրամի շրջանակներում հյուրանոցային ծառայությունների մատուցման համար, և «Մյուզիք հոլլ»-ի հետ՝ 2 միլիոն 195.320 դրամի սննդի մատակարարման ծառայությունների համար։