Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թ. աճել է շուրջ 35%-ով. Մին Չեն
Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 35%-ով։ Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում «Չինաստանի արդիականացում. հայ-չինական հարաբերություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասաց Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։
Նրա խոսքով` Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը։
«Այս տարվա առաջին երեք եռամսյակում Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 2,8 մլրդ դոլարի, ինչը 34,7%–ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը»,- ասաց Չենը։
Նա հիշեցրեց, որ սեպտեմբերին «China Southern Airlines» ավիաընկերությունը սկսել է Ուրումչի-Երևան-Ուրումչի չվերթերը։ Սա տնտեսական և մշակութային համագործակցության նոր ճանապարհ է բացում։
Ժամանակավոր հավատարմատարը նշեց, որ չինական կողմն օգնում է նաև վերազինել Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, այն ներգրավված է «Հյուսիս-հարավ» միջանցքի և արևային կայանի կառուցման նախագծերում։
Համագործակցության խորացման հեռանկարային ոլորտներն են, ըստ նրա, տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական ինտելեկտը, էներգիայի նոր աղբյուրները, բժշկությունը, թվային տնտեսությունը և ենթակառուցվածքները։
Մին Չենը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում աճում է հետաքրքրությունը չինարենի նկատմամբ։
Երիտասարդներից շատերը սովորում են լեզուն և մեկնում Չինաստան` կրթություն ստանալու և աշխատելու:
Միևնույն ժամանակ Հայաստանում աճում է Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը, չինացիներն ավելի լավ են ծանոթանում երկրի մշակույթին ու ավանդույթներին։
Նշենք, որ 2023 թվականին Չինաստանից Հայաստան է այցելել 20 հազար զբոսաշրջիկ։