Հայաստանում տիրող հակառուսականությունն իրականացվում է «պետպատվերի» շրջանակներում. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Գևորգ Ռուբինյանը նրան հարցրել է.
«Երկրում չի վերանում հակառուսական մթնոլորտը. նույնիսկ «Գելափի» վերջին հարցումներն են վկայում այդ մասին։ Ի՞նչ կարելի է անել, և արդյո՞ք պետք է որևէ բան անել այդ տենդենցը կասեցնելու համար»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Հայաստանում տիրող հակառուսականությունն իրականացվում է «պետպատվերի» շրջանակներում։ Այդ պատվերի դրսի տերերը վերջերս փաստացի անընդմեջ պարտություններ են կրում. Մոլդովայում նախագահը վերընտրվեց դրսի քվեարկողների շնորհիվ, Վրաստանում ո՛չ իշխանությունը փոխվեց, ո՛չ էլ հետընտրական թեժացումը ստացվեց։ Ի դեպ, գուցե նույն Միացյալ Նահանգներում Թրամփը հաղթեց նաև ա՞յդ պատճառով։ Ժամանակն է, որ այդ պսևդոլիբերալները պարտվեն նաև Հայաստանում, և սա ասում եմ անկախ հայ-ռուսական հարաբերություններից։
Այդ հարաբերությունների բարձր մակարդակը և խորությունը կենսական են Հայաստանի, հայ ժողովրդի և Արցախի ապագայի համար։ Միաժամանակ պետք է ընդունել, որ ներկայումս պաշտոնական Մոսկվայի վերաբերմունքում երկու միակողմանի «սպասելիք» կա. առաջինը՝ «Ձեզ պետք է, դուք էլ իրար եկեք», և երկրորդը՝ «Վերականգնման ամենակարճ ճանապարհն անցնում է Դոնբասով»։
Ինչ վերաբերում է բուն հայ հասարակությանը, ապա քանի դեռ մենք ազգովի Նիկոլ ենք հանդուրժում, աշխարհում ոչ մեկին, առավել ևս՝ Ռուսաստանին, «անուն կպցնելու» ոչ մի բարոյական իրավունք չունենք։ Հատկապես, երբ այսօրվա տնտեսական վիճակով պարտական ենք Ռուսաստանին, իսկ սեփական քեֆերին և ճաշկերույթներին գերադասում ենք ռելաքսվել ռուսալեզու ռաբիսի տակ»։
Մանրամասները՝ տեսանյութում: