Քաջարան-Ագարակ ավտոճանապարհի կառուցումից հետո մի կետից մյուսը կարելի է հասնել 20 րոպեում. Սոբհանի
Քաջարան-Ագարակ 32 կմ ավտոճանապարհի կառուցման ավարտից հետո մի կետից մյուսը կարելի է հասնել 20 րոպեում՝ ներկայիս 1 ժամ 20 րոպեի փոխարեն։ Այս մասին Կապանում «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» փորձագիտական սեմինարի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Նոր ճանապարհի լայնությունը ներկայիս 6 մետրի փոխարեն կհասցվի 18 մետրի։ Դրանից հետո կսկսվեն Քաջարանի թունելի (դեպի Ագարակ), այնուհետև Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց ավտոճանապարհի շինարարական աշխատանքները»,- ասաց դիվանագետը։
Նրա խոսքով` այս նախագծերի իրականացումը կբարձրացնի Հայաստանի հարավային տարածաշրջանի ճանապարհների թողունակությունը, ինչը կբերի բեռնափոխադրումների և ապրանքաշրջանառության ավելացմանը։ Նախատեսվում է նաև Արաքսի վրայով նոր կամրջի կառուցման ծրագիր իրականացնել, քանի որ ներկայիս կամրջի հզորությունը բավարար չէ։
Հիշեցնենք, որ 32 կմ երկարությամբ ավտոճանապարհի շինարարությունը կարող է ավարտվել մինչև 2028 թվականը։ Կապալառուները երկու իրանական ընկերություններ են՝ Abad Rahan Pars International Group-ը և Tunnel Sadd Ariana-ն: Ծրագրով նախատեսվում է կառուցել 17 կամուրջ, 2 թունել (ընդհանուր երկարությունը 900 մ) և 5 տրանսպորտային հանգույց։
Ինչ վերաբերում է Սիսիան-Քաջարանին, ապա այն համարվում է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ծրագրի ամենաբարդ հատվածը։ Այն ներառում է 27 կամուրջ (ընդհանուր երկարությունը 4,7 կմ) և 9 թունել (ընդհանուր երկարությունը 12,5 կմ)։
Հիշեցնենք նաև, որ «Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր նախագծերից է։ Այս ճանապարհը կնվազեցնի Իրանից մինչև վրացական սահման հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։