«Ուրարտուն» նույնպես միացել է ՀՖՖ նախագահի հրաժարականի՝ ֆան-ակումբների պահանջին
«Ուրարտուն» նույնպես միանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների, ինչպես նաև Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբների՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների, Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբներին, որոնք պահանջում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործող նախագահի հրաժարականը։ «Ուրարտու» ՖԱ-ն բազմիցս հայտարարել է ՀՖՖ-ի գործող ղեկավարության ոչ կոմպետենտ աշխատանքի մասին, որը ոչ միայն չի նպաստում Հայկական ֆուտբոլի զարգացմանը, այլ ուղղակիորեն խանգարում է։
Իրավիճակը, որը ստեղծվել է ազգային հավաքականի շուրջ, ինչպես նաև ակումբային ֆուտբոլում ուղիղ կապ ունի ՀՖՖ-ում կայացրած որոշումների հետ։ Անարդյունավետ նշանակում ինչպես ազգային հավաքականի, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնում, ԲԿՄԱ-ի գործունեությունը, Հայաստանի Բարձրագույն առաջնության հանդիպումների անընդունելի ձևաչափը (hանդիպումների նշանակումը աշխատանքային, ցերեկային ժամերին), ակումբների և նրանց ակադեմիաների հետ համագործակցության ամբողջական բացակայություն, և սա նրանց թույլ տված սխալների կեսն է։
«Ուրարտու» ՖԱ-ը համարում է, որ ՀՖՖ գործող ղեկավարությունը բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը»,- գրված է պաշտոնական հայտարարության մեջ։
Մինչ այդ նմանատիպ պահանջով հանդես էր եկել Երևանի «Փյունիկը»։