
Գազայում իսրայելական հարվածները ևս 95 մարդու կյանք են խլել. Al Jazeera

Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների հետևանքով hոկտեմբերի 31-ին առնվազն 95 պաղեստինցի է սպանվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Ըստ լրատվամիջոցի տեղեկատվության՝ առնվազն 75 պաղեստինցի զոհվել է անկլավի հյուսիսային մասին հասցված բազմաթիվ ավիահարվածների հետևանքով։ Եվս 20 մարդ սպանվել է Գազայի հատվածի այլ շրջաններում:
Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 43 204-ի, վիրավորվել է 101 641 մարդ։
Իսրայելը գործողությունները սկսել է՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակման, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է շուրջ 100 պատանդ։