Իրանը մասշտաբային պատասխան հարված է պատրաստում Իրաքի տարածքից. Իսրայելի հետախուզություն
Իսրայելական հետախուզության տվյալներով՝ Իրանը ծրագրում է մոտ օրերս Իրաքից լայնածավալ հարձակում իրականացնել Իսրայելի վրա։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իր իսրայելցի աղբյուրներին։
«Իսրայելական հետախուզությունը ենթադրում է, որ հարձակումը կիրականացվի Իրաքի տարածքից՝ մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների օգտագործմամբ», նշել է աղբյուրներից մեկը։
Axios-ը չի հստակեցնում, թե կոնկրետ ով կիրականացնի այդ հարվածներն Իրաքից. այդ երկրում գործում են իրանամետ շիա կիսառազմական ուժեր։
Իր հերթին CNN-ը, վկայակոչելով իրանցի իր բարձրաստիճան աղբյուրին, ավելի վաղ հայտնել էր, որ Թեհրանը ծրագրում է «վճռական և ցավոտ» պատասխան տալ Իսրայելին, և դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։
Հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին, ինչի հետևանքով իրանցի չորս զինվոր է զոհվել։ Այս հարվածն իրականացվել է՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի վրա շուրջ 200 հրթիռի արձակման։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հոկտեմբերի 31-ին հայտարարել էր, որ Իսրայելը սխալ է գործել՝ անցյալ շաբաթ Իրանի վրա հարձակվելով, և որ Իրանի պատախանը «տարբեր կլինի ցանկացած սցենարից», որ Իսրայելը կարող է սպասել։ Իր հերթին Իրանի գերագույն առաջնորդի աշխատակազմի ղեկավար Մոհամմադի Գոլպայեգանին հոկտեմբերի 31-ին al Mayadeen հեռուստաընկերությանը հայտնել է, որ Թեհրանի պատասխանը «հստակ է»։ Նրա խոսքով՝ Իրանի պատասխանը կլինի ուժեղ և «մեր թշնամուն կստիպի զղջալ» իր հարձակման համար։