Հութիները հայտարարել են, որ հարվածել են Իսրայելի արդյունաբերական գոտուն
Եմենի հյուսիսում իշխող հութիների շարժումը՝ «Անսար Ալլահ»-ը, հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով գրոհել է Իսրայելի հարավային Աշկելոն քաղաքի արդյունաբերական գոտու վրա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հանդես գալով Պաղեստինի և Լիբանանի ժողովուրդների ճնշումների դեմ և ի աջակցություն պաղեստինյան ու լիբանանյան դիմադրության՝ ռազմական գործողությունների հինգերորդ փուլի շրջանակներում Եմենի զինված ուժերի ռազմաօդային ուժերը բարձրակարգ ռազմական գործողություն են իրականացրել իսրայելական հակառակորդի արդյունաբերական գոտում` օկուպացված Պաղեստինից հարավ գտնվող Աշկելոնի շրջանում: Գործողությունն անցկացվել է մի քանի անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, որոնց հաջողվել է հասնել թիրախին», – նշված է հութիների զինված ուժերի հաղորդագրության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ Աշկելոնի շրջանում՝ բաց տարածքում, ընկել է ԱԹՍ, որն արձակվել էր Եմենից։ Տուժածներ չկան։