«Վրաց ժողովուրդն ընտրեց խաղաղությունը»․ Օրբանը Վրաստանի ընտրությունների մասին

«Վրաց ժողովուրդն ընտրեց խաղաղությունը»,- այս մասին այսօր Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Մենք գիտենք, թե ինչ է պատերազմը, քանի որ դա տեղի է ունենում հարևան երկրում։ Մենք նաև գիտենք, թե որքան կարևոր է խաղաղությունը։ Հունգարիան խաղաղասեր երկիր է, և մենք գնահատում ենք նաև ձեր խաղաղության ջանքերը։ Ոչ ոք չի ուզում կործանել իր երկիրը և ներքաշվել պատերազմի մեջ։ Ուստի մենք հասկանում ենք վրաց ժողովրդի կայացրած որոշումը. այն ընտրեց խաղաղությունը»,- ըստ «Ազատության» վրացական ծառայության՝ հայտարարել է Օրբանը:

Վկայակոչելով հունգարացի դիտորդների զեկույցներն՝ Օրբանն ասել է, որ այնտեղ խոսքն ազատ և ժողովրդավար ընտրությունների մասին է։

Հունգարիայի վարչապետը միևնույն ժամանակ հայտարարել է, որ իշխող կուսակցությունը հավատարիմ է եվրաինտեգրմանը։ Կոբախիձեն էլ ասել է, թե Օրբանի այցը Եվրամիության Խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում հատուկ նշանակություն ունի՝ շեշտելով, որ ԵՄ ինտեգրումը Թբիլիսիի արտաքին քաղաքականության գերակայություններից է։

Օրբանը երեկ է ժամանել Թբիլիսի։ Նա առաջինն էր, որ շնորհավորեց Վրաստանի իշխող ուժին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ չսպասելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը:

Տեսանյութեր

Լրահոս