
Միլիոններ են կրճատել գյուղատնտեսությունից, տվել պարեկներին՝ որպես պարգևավճար և մեքենաների սպասարկման գումար

Հայաստանի կառավարությունը որոշել է, որ ոստիկանության պարեկային ծառայության համար ձեռք բերված թվով 67 մեքենայի բնականոն շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների, պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների ապահովագրության, ընթացիկ նորոգման համար նախատեսված գումարները պետք է հայթայթել ոչ թե, օրինակ, պարգևատրման ֆոնդերի կրճատման, այլ, ուշադրություն, գյուղատնտեսության զարգացման համար նախատեսված միջոցներից։
Թեև Հայաստանի գյուղատնտեսությունը տարեցտարի անկում է ապրում, և մի աննշան աճ կարողացել է այս տարի արձանագրել բացառապես ծաղիկի ներմուծման և արտահանման հաշվին, միևնույն է՝ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում պարեկներն են և ոչ, ասենք, տնտեսության ողնաշարը համարվող գյուղատնտեսությունը։
Վահե Ղազարյանի ղեկավարած գերատեսչությունը Կառավարության հաստատմանն է ներկայացրել մի նախագիծ, որով 434 միլիոն 240.000 դրամով նվազեցվել է «Գյուղատնտեսության խթանման», «Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» համար նախատեսված գումարները, և դրանք ուղղվել են պարեկների մեքենաների բնականոն շահագործման համար անհրաժեշտ ծախսերին։
Սա դեռ ամենը չէ, հանուն պարեկների մեքենաների՝ նվազեցվել են նաև «Ներդրումների և արտահանման խթանման» համար նախատեսված գումարները՝ 3 միլիոն 700.000 դրամի չափով։
Նշենք, որ այս գումարից պարեկները նաև պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ են ստացել։