
Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը

Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի իրականացրած օդային հարվածները՝ դրանք անվանելով Իրանի ինքնիշխանության և միջազգային օրենքների ու նորմերի խախտում։
Այս մասին նշված է Թագավորության արտաքին գործերի նախարարության՝ X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։
«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական հարձակումները, որոնք խախտում են նրա ինքնիշխանությունը և միջազգային օրենքները։
Թագավորությունը նաև հաստատում է իր անսասան դիրքորոշումը տարածաշրջանում շարունակվող էսկալացիայի և հակամարտության ընդլայնման մերժման հարցում, որը սպառնում է տարածաշրջանի երկրների և մարդկանց անվտանգությանն ու կայունությանը», – նշված է գրառման մեջ։
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարությունը հակամարտող կողմերին նաև կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ զգուշացնելով Մերձավոր Արևելքում էսկալացիայի հետևանքների մասին։
Բացի այդ, Էր Ռիադը միջազգային հանրությանն ու ազդեցիկ և ակտիվ կողմերին կոչ է արել իրացնել իրենց դերն ու պատասխանատվությունը՝ տարածաշրջանում հակամարտություններին վերջ տալու և էսկալացիան նվազեցնելու ուղղությամբ։
Իսրայելը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։