Ռոստովի մերձակայքում գտնվող ֆերմայում 18 ստրուկի պահած ռուս տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Ռուսաստանի Ռոստովի մարզում մեղադրանք է առաջադրվել Ազովի մի բնակչի, ով ձերբակալվել է ֆերմայում ստրկական աշխատանք օգտագործելու կասկածանքով, հայտնում է Комсомольская правда-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչությանը։
Ըստ լրատվամիջոցի՝ առերեսումներում տուժողները որպես մեղավոր մատնանշել են ձերբակալվածին։ Հետաքննությունը միջնորդել է ձերբակալել նրան, աշխատանքներ են տարվում նաև այլ հնարավոր զոհերի բացահայտման ուղղությամբ։
Комсомольская правда-ի փոխանցմամբ՝ Ռոստովի մարզում գնչուների համայնքի ներկայացուցիչներին պատկանող ֆերմայում 18 մարդ ստրկացվել է։ Նրանք աշխատում էին սննդի համար, բայց ոմանց հրապուրում էին օրավարձով սեզոնային աշխատանքի խոստումները: Ֆերմա վարում էր Բատյա մականունով մեկը:
Տուժածներից մեկին հաջողվել է դիմել ոստիկանություն, քանի որ ֆերմայի սեփականատերերը մոռացել են հեռախոսը վերցնել վերջերս ժամանած աշխատակցից։ Հինգ տուժողներ արդեն պահանջներ են ներկայացրել սեփականատերերի դեմ։ Ավելի ուշ ակտիվիստները կարողացել են պարզել ֆերմայի գտնվելու վայրը և ժամանել այնտեղ։