Իրական տնտեսությո՞ւն, թե՞ տնտեսության իմիտացիա
Տպավորություն է, որ Հայաստանում ոչ այնքան տնտեսություն է, որքան՝ տնտեսության իմիտացիա: Կամ, հայաստանյան տնտեսությունն իր գերակշռող մասով ավելի շուտ հենց տեսություն է, քան գործնական աշխատանք, որը համակարգային իմաստով ամրացնում է պետության կենսունակությունն ու դիմադրունակությունը, բայց ոչ թե սպառելով այլ տեղերում ստեղծված բարիքը, այլ՝ ստեղծելով բարիք:
Դա, թերևս, տնտեսական առողջության գնահատման առանցքային ցուցիչներից է՝ տնտեսությունը հիմնված է բարիք ստեղծելո՞ւ, թե՞ բարիք սպառելու երևույթի վրա: Հայաստանում կարծես թե «ողնաշարը» սպառումն է: Օրինակ, երբ արևմտյան պատժամիջոցների ներքո գտնվող Ռուսաստանից ապրանքը գալիս է Հայաստան, հետո Հայաստանից արտահանվում է որևէ այլ երկիր, ապա դա Հայաստանում ստեղծում է վիճակագրություն՝ տպավորիչ վիճակագրություն, իսկ ահա բարիք՝ ոչ:
Դարձյալ խոսքը, իհարկե, բացարձակության մասին չէ, սակայն գերակշռության, երևույթի ընդհանուր հատկանիշի: Նույնը վերաբերում է պատկերին, երբ որևէ այլ երկրից ապրանքը գալիս և Հայաստանով անցնում է դեպի Ռուսաստան: Դարձյալ, վիճակագրություն ստեղծվում է, իսկ բարիք, այսպես ասած հավելյալ արժեք՝ ոչ:
Կամ, երբ բանկային ծառայությունների միջնորդավճարների «կայուն աճի», կամ դարձյալ արտաքին կոնյունկտուրայի բերումով բանկային համակարգի շահույթը տարեկան կտրվածքով մի քանի տարի հասնում է գրեթե կես միլիարդ դրամի, դա, իհարկե, խիստ տպավորիչ վիճակագրություն է, բայց տնտեսության առողջություն չէ:
Տնտեսության առողջությունը կարող է չափվել նրանով, թե վերջին տարիներին բանկային համակարգի ավելի քան մեկ միլիարդ դոլար շահույթն ինչ տրամաբանությամբ ու սկզբունքով է բաշխվում տնտեսության իրական հատվածում, ի՞նչ ներդրումային «պորտֆելների» է այն վերածվում, որքանով է բարձրանում Հայաստանի արտադրողական, արդյունաբերական, այլ ոչ թե՝ սպառողական ներուժը:
Ո՞րն է, օրինակ, Հայաստանում արտաքին կամ ներքին ներդրումային վերջին խոշոր ծրագիրը, որում Հայաստանը ոչ թե «միջանկյալ օղակ» է, այլ մեկնարկային կետ, որն առնչվելու է ոչ թե առևտրի կամ ծառայությունների՝ թեկուզ բարձրտեխնոլոգիական, այլ ենթադրելու է արտահանելի ներուժի վրա հիմնված արդյունաբերություն:
Պատկերն ու վիճակագրությունն այդ հարցում բոլորովին մխիթարական չեն, իսկ վերջին խոշոր ներդրումային նախաձեռնության պատմությունը ոչ միայն առ այսօր չի նպաստել տնտեսության արտադրողական և արտահանելի ներուժի աճին, այլ մեղմ ասած, «արտահանել» է և շարունակում է «արտահանել» Հայաստանում արդյունաբերական ներդրումների նպատակահարմարության կասկածներ: Խոսքն Ամուլսարի ոսկու արդյունահանման բազմաչարչար ծրագրի մասին է:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե անվտանգություն ասելով՝ պետք չէ հասկանալ միայն բանակ, եթե միայն բանակն է անվտանգությունը, ուրեմն՝ անվտանգություն չկա: Անկասկած, չհամաձայնել այդ տրամաբանությանը, դժվար է: Անվտանգությունը համապարփակ, համալիր, համակարգային հասկացություն է, և տնտեսությունն այդտեղ հիմնարար, ողնաշարային բաղադրիչն է:
Տնտեսությունը, այլ ոչ թե վիճակագրությունը: Տնտեսությունը, սկսած երկրի ներդրումային միջազգային վարկով, մինչև արդյունաբերական, արտադրողական ներուժ, ինչով պետք է ստեղծի այն հավելյալ արդյունքը, որն էլ դրվում է ցանկացած պետության անվտանգության համակարգի հիմքում՝ բանակից մինչև դիվանագիտության աշխատանք, հատուկ ծառայությունների ներքին ու արտաքին աշխատանք: Իսկ առայժմ Հայաստանի տնտեսությունը սպառում է այլ երկրներում ստեղծվող համակարգային անվտանգության հիմքը, քան ստեղծում սեփականը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ