30 տարի մենք այդ անձնագրերով մտել ենք դեսպանատներ, սահման հատել, ոչ ոք մեզ չի ասել, թե՝ 070 կոդով անձնագիր ունեք, ուրեմն ՀՀ քաղաքացի չեք. մեզ պետք չէ այդ բոմժի պաշտպանության քարտը. արցախցիներ

Տասնամյակներ շարունակ ՀՀ քաղաքացի համարվող արցախցիները, 2023թ. սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո հանկարծ հայտնաբերեցին, որ ՀՀ կապույտ անձնագիրը ձեռքներին՝  այլևս քաղաքացի չեն: ՀՀ իշխանությունների թեթև ձեռքով նրանք արդեն փախստական էին:

Արցախի Մարտունի քաղաքից բռնի տեղահանված Արթուր Ահանյանը 168.am-ի հետ զրույցում պնդում է. «Ինձ ստիպել են այդ բոմժի քարտը վերցնել, այլապես չէի կարող սահմանը հատել: Մինչդեռ մինչ այդ տասնամյակներ շարունակ 070 կոդով իմ ՀՀ անձնագրով շատ հանգիստ արել եմ այն, ինչ կարող էին անել ՀՀ մյուս քաղաքացիները»:

Նրա խոսքով՝ ՀՀ պատկան մարմիններն իրեն ու իր նման հազարավոր բռնի տեղահանված արցախցիների ասել են, որ այդ քարտն իրենց տալիս են պաշտպանության համար, որ ուրիշ երկրից իրենց չարտահանձնեն Ադրբեջան:

«Ես ապշել էի: Այսինքն՝ ՀՀ անձնագրով մեզ ինչ-որ մի երկիր կարող էր արտահանձնել Ադրբեջա՞ն: Իրենք էլ չկարողացան իմ հարցին պատասխանել: Սակայն մեզ այդ պլաստիկե քարտը փաստացի դրսում ոչ մի տեղ պետք չեկավ, ոչ էլ որևէ մեկը դրա մասին հարցրեց: Փաստորեն մեզ խաբեցին, այդ քարտը տվեցին: Նույնականացման քարտով անգամ Վրաստանի սահմանապահն ինձ ընդունել է»,- ասաց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցը:

Կարդացեք նաև

Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Արցախից բռնի տեղահանված մեր մեկ այլ հայրենակից՝ Մերի Ղարայանը,  դիմել է վարչական դատարան՝ պահանջելով, որպեսզի առոչինչ ճանաչվի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության որոշումը՝ իրեն ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ չտրամադրելու մասին։

Մերի Ղարայանը ծնունդով Գորիսից է, ամուսնացել ու ապրում էր Արցախում, ստացել էր 070 կոդով անձնագիր, ամուսնու հետ միասին բռնի տեղահանվել են նախորդ տարվա ողբերգական իրադարձությունների ժամանակ: Արդեն Հայաստանում Մերի Ղարայանը ցանկացել է, որ իրեն էլ, ինչպես իր ամուսնուն, տան փախստականի ժամանակավոր պաշտպանության քարտը, սակայն նրան մերժել են, քանի որ նա ծնվել է Գորիսում, այսինքն՝ ավելի վաղ ՀՀ քաղաքացիություն է ունեցել, որը հետո չի դադարեցրել: Մերի Ղարայանը դիմել է դատարան, քանի որ վստահ է՝ իր նկատմամբ ցուցաբերվել է տարբերակված մոտեցում:

168.am-ի խմբագրություն դիմած մեկ այլ արցախցի բռնի տեղահանված՝ Արթուր Ահանյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ցանկացել է ներգրավվել Մերի Ղարայանի՝ Վարչական դատարանում՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ քննվող վարույթին ու պաշտպանել իր շահերը, սակայն դատարանը մերժել է իրեն այդ վարույթով ներգրավել որպես երրորդ անձ:

«Այսինքն՝ դատավորը թույլ չտվեց, որ ես իմ շահերը պաշտպանեմ: Մինչդեռ մեր քաղաքացիության հարցն այդ վարույթի ընթացքում շոշափվելու էր, որովհետև հայցվորի հայցի առարկան հենց դա էր: Ինքն էլ, մենք էլ քաղաքացի ենք, ինչո՞ւ են ինձ տվել այդ քարտը, իրեն՝ ոչ: Բայց ինձ փաստացի զրկեցին իմ շահերը պաշտպանելու հնարավորությունից»,- ասաց Արթուր Ահանյանը:

Վերջինս նկատեց՝ հայցադիմումի հիմքում ընկած է խտրական մոտեցման հարցը՝ կախված այն հանգամանքից, թե ինչ եղանակով է ձեռք բերվել ՀՀ քաղաքացիությունը:

«Օրենքում գրված է, որ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն, և որևէ կերպ չի կարելի տարանջատել քաղաքացիներին՝ կախված իրենց՝ քաղաքացիությունը ձեռք բերելու եղանակից: Իսկ Միգրացիայի ծառայությունն ըստ էության հենց այդպես էլ անում է, ասում է՝ դու ծնվել ես ՀՀ տարածքում, ուրեմն ՀՀ քաղաքացի ես, դու ծնվել ես Արցախում, ՀՀ քաղաքացի չես»,- տարակուսեց արցախցի մեր հայրենակիցը:

Նա մեջբերեց նաև «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքից մի հատված՝ ՀՀ քաղաքացիությունը ապացուցող փաստաղթերն են ՀՀ անձնագիրը և նույնականացման քարտը:

«Միգրացիոն ծառայության ներկայացուցիչը դատարանում ասում է՝ 070 կոդով անձնագիր ունեցողները ՀՀ քաղաքացի չեն: Հարցնում ենք՝ ինչո՞ւ, չէ՞ որ մենք այդ անձնագիրը ստացել ենք ՀՀ անձնագրային և քաղաքացիության ծառայության կողմից լիազորված մարմնի կողմից, որը գտնվում էր Արցախում: ՕՎԻՐ-ի կողմից լիազորված մարմին է: Կամ եթե, օրինակ, Մերի Ղարայանի պարագայում պատճառաբանում են, որ Արցախում իր ստացած անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագիր չէ, ինչպե՞ս են Գորիսում ստացած անձնագիրը փոխել Արցախում ու տվել 2-րդ անձնագիրը»,- հարցեր է առաջ քաշում Արցախից բռնի տեղահանված մեր մեկ այլ հայրենակից՝ Մարատ Եգանյանը:

Նրա խոսքով՝ Միգրացիայի ծառայությանն օրենսդրությամբ տրված չէ  ՀՀ քաղաքացիների միջև նման տարբերակում անելու լիազորություն, բայց այդ մարմինն անօրեն կարգով անում է դա՝ կոպտորեն խախտելով մարդկանց իրավունքները:

«ՀՀ քաղաքացիություն կարող ես ստանալ, եթե, օրինակ, դու եղել ես ՀԽՍՀ քաղաքացի: Այդ տեսանկյունից բոլոր արցախցիները ՀԽՍՀ քաղաքացիներ են: «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ 1989թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման մեջ առանձին կետ կա  դրա վերաբերյալ: Ստացվում է՝ մեզ մեր իրավունքներից զրկում են»,- ասաց Մարատ Եգանյանը:

Հիշեցնենք, որ վերոբերյալ որոշման 3-րդ կետն ասում է՝ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»:

«Մենք ասում ենք՝ կա 1989թ. որոշումը, որն ընդունելու համար մարդիկ իրենց մարմնով են պաշտպանել պատգամավորներին: Մարդիկ կան, ովքեր պառկել են ասֆալտին, որ Ալֆա ջոկատը չկարողանա ներս մտնի ու խոչընդոտի որոշման կայացմանը: Արցախցիներին քաղաքացիություն տրվել է այդ զրկանքների և զոհաբերությունների միջով ընդունված որոշման հիման վրա: Իսկ ըստ օրենքի՝  ՀՀ քաղաքացիներ են համարվում նաև ՀՀ տարածքից դուրս բնակվող, ՀԽՍՀ քաղաքացիություն ունեցող հայերը»,- ասաց Մարատ Եգանյանը:

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում`

1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից` սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար.

3) Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն: Սույն կետի հիմքով անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե օրենքով սահմանված կարգով դիմել և ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ: Այս դեպքում անձը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի` Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի ուժի մեջ մտնելու պահից:

Մարատ Եգանյանն ասում է՝ եթե անգամ դա էլ հաշվի չառնեն, անձնագիրը համարվում է քաղաքացիություն շնորհելու վերջին քայլը:

«ՀՀ-ն բոլոր արցախցիներին անձնագիր է տրամադրել: 30 տարի անընդմեջ դա խնդիր չի եղել: Հիմա մեզ ասում են՝ գիտեք, չէ՞, դա ՀՀ քաղաքացու անձնագիր չէ: Հարցնում ենք՝ ինչո՞ւ, պատասխանում են՝ որովհետև 070-ի կողմից է տրված: Ասում ենք՝ լավ, մի փաստաթուղթ ցույց տվեք, որ 070 կոդով անձնագրերը ՀՀ անձնագիր չեն, պոզերով են: 30 տարի նույն այդ 070 կոդով անձնագրով եկել ենք ՀՀ դատարաններ, ՀՀ դատարաններն արձանագրել են, որ դա ՀՀ քաղաքացու անձնագրեր են: 30 տարի մենք այդ անձնագրերով մտել ենք դեսպանատներ, ստացել Եվրամիության կամ ԱՄՆ-ի վիզաներ, ոչ ոք մեզ ոչ մի հարց չի տվել, չի ասել, թե՝ ՀՀ քաղաքացի չեք: Բա ե՞րբ նկատեցիք, որ սխալ կա, ու դրանք ՀՀ քաղաքացու անձնագրեր չեն»,- տարակուսում է Մարատ Եգանյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ անհնար է, որ անձնագիրը տրվի մեկին, ով քաղաքացի չէ. կա անձնագիր, ուրեմն կա քաղաքացիություն:

«Եթե պետք լինի, ապա մենք սպառելու ենք ներպետական ատյաններն ու դիմելու ենք միջազգային դատական ատյաններին: Հասնելու ենք նրան, որ Հաագայի դատարանում դա համարվի մարդկության դեմ կատարված հանցագործություն: Մեզ համար անընդունելի է ու խիստ վիրավորական, որ մեզ չեն համարում ՀՀ քաղաքացիներ»,- ասացին մեզ դիմած արցախցի մեր հայրենակիցները:

Տեսանյութեր

Լրահոս