Բաժիններ՝

«Քո Տէր Աստծուն մի՛ փորձիր»

Եթէ ժամանակակից որոշ միամիտ քրիստոնեաների փաստես, թէ դիակիզումը նշանակում է Աստծուն փորձել, անկասկած սա անակնկալ կը թուայ իրենց: «Քո Տէր Աստծուն մի՛ փորձիր» (Բ. Օրին. 6, 16: Մատթ. 4, 7: Ղուկ. 4, 12)։ Այս խօսքը Տէրը ուղղեց սատանային, երբ սա փորձում էր Իրեն՝ հաւաստիացնելով, թէ ոչինչ չի պատահելու Իրեն, եթէ տաճարի աշտարակից ցած ընկնի, քանի որ գրուած է. «Իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբէք քո ոտքը քարին չխփես» (Մատթ. 4, 6: Ղուկ. 4, 11): Սատանան վստահեցնում էր Յիսուսին, թէ Աստուած պաշտպանելու է Իրեն, բայց Յիսուս անտեսում է սատանայի յամառութիւնը, որովհետեւ գիտէր, թէ նման գործողութիւնը պիտի նշանակէր Աստծուն փորձել: Յիսուսի համար խնդիրն այն չէր, թէ Աստուած ի՛նչ կարող է անել, այլ թէ Ինքը ի՛նչ պէտք չէ գործի, որպէսզի լինի Աստծու հնազանդ Որդի:

Քրիստոսի փորձութեան այս միջադէպն ունի շատ կարեւոր նշանակութիւն, երբ որեւէ քրիստոնեայ ընդունում ու պաշտպանում է դիակիզումը: Սովորաբար նրանք ասում են, թէ Աստուած ամենակարող է եւ իհարկէ կարող է վերակենդանացնել եւ յարութիւն տալ դիակիզուած մարմինները: Բայց, ինչպէս որ Քրիստոսի փորձութեան դէպքն էր, խնդիրն այն չէ, թէ Աստուած ի՛նչ կարող է անել, այլ թէ մարդը ի՛նչ պէտք չէ անի: Ուստի, ինչպէս Յիսուս պատասխանեց Իր փորձութեան առիթով, ճշմարիտ քրիստոնեաները՝ աստուածաշնչեան թաղման գործադրման աւանդոթնը պահպանողները, պէտք է սիրով ու հաստատակամօրէն պատասխանեն դիակիզմանը դիմողներին՝ ասելով. «Քո Տէր Աստծուն մի՛ փորձիր»:

Սուրբգրային փաստեր դիակիզման դէմ

(որպէս վերջաբան)

Եզրակացութիւնը շատ պարզ է: Դիակիզումը հակաքրիստոնէական է, որ մերժում է Յիսուս Քրիստոսի Յարութեան վարդապետութիւնը: Քրիստոսի ճշմարիտ հետեւորդները ոչ մի կապ չունեն այս խոտելի սովորութեան հետ, որը միշտ մերժելի է եղել Սուրբ Եկեղեցու համար:

Դիակիզման գաղափարի կողմնակիցները եկեղեցու անդամներին սովորաբար ասում են, թէ Աստուածաշունչը ստուգապէս լռում է այս խնդրի մասին, կամ էլ ասում են, թէ Աստուածաշունչն ուղղակիօրէն չի արգելում դիակիզումը: Ու շատերը սեփական համոզմամբ սխալ եզրակացութեան են յանգում: Ուստի նախքան սխալ որոշում կայացնելը հարկ է, որ դիմեն իրենց հոգեւոր հովիւներին` խորհրդի ու լուսաբանութեան համար, որպէսզի իբրեւ հաւատարիմ հետեւորդներ՝ շգրիտ համոզում ունենան՝ թաղուել այնպէս, ինչպէս Քրիստոս թաղուեց: Քրիստոսի հաւատարիմ հետեւորդներն ընթանում են մահուան, թաղման ու յարութեան հասնելու ճանապարհով: Հետեւաբար, մարդկային մարմինն արժանի է յետմահու թաղուելու յարգանքով ու պատուով:

Բայց մէկը կարող է առարկել՝ ասելով. «Այո՛, Աստծու ժողովուրդը հետեւում էր թաղման կարգին, ու սուրբգրային օրինակներն էլ շատ յստակ են: Բայց արդեօ՞ք մենք պարտաւոր ենք հետեւելու այդ օրինակներին, քանի որ դրանք ուղղակի եւ անմիջական հրաման չեն»: Պատասխանենք Պօղոս առաքեալի խօսքերով. «Ուրեմն, ինչ որ գրուեց, գրուեց, որ մենք սովորենք, որպէսզի համբերութեամբ եւ գրքերի պարգեւած մխիթարութեամբ յոյսն ընդունենք» (Հռոմ. 15, 4): «Եւ այս բոլորը իբրեւ օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպէս խրատ գրուեց մեզ համար, մեզ, որոնց համար հասել է յաւիտեանների վախճանը» (Ա. Կորն. 10, 11): Սուրբ Գրքի ամէն մի գրութիւն Աստծու շունչն է եւ օգտակար է սովորեցնելու, յանդիմանելու, շտկելու եւ արդարութեան մէջ խրատելու համար (Բ. Տիմ. 3, 16-17), որպէսզի Աստծու մարդը կատարեալ լինի ` ամէն բարի գործերի պատրաստ: Հետեւաբար, լինի՛ պատուիրանով, սկզբունքով կամ էլ օրինակով, ճշմարիտ քրիստոնեան ամէն ինջում հիմնւում է Աստուածաշնչի վրայ: Անկեղծ հաւատացեալը կարիք էլ չունի սուրբգրային անմիջանօրէն նշուած ակնյայտ հատուածին, եթէ արդէն իսկ կան բազմաթիւ սկզբունքներ ու սուրբգրային անուղղակի եզրեր, որոնք դատապարտում են որեւէ անբարոյ արարք: Իսկ Աստուածաշունչը հաստատապէս արգելում է դիակիզումը՝ կարեւորելով մարմնի թաղումը եւ դատապարտելով իւրաքանչիւր մարմնի հանդէպ անվայել վերաբերմունքը, յարութեան հերքումը, հեթանոսական չար սկզբունքները:

Իբրեւ ապացոյց, թէ դիակիզումը հակաքրիստոնէական է ու հակասուրբգրային, վերջաբանի տեսքով համառօտ ներկայացնում ենք սուրբգրային ապացոյցներ՝ ընդդէմ դիակիզման սովորութեան:

Առաջին. Աստուած մարդուն ստեղծեց եռամասնեայ տարրերով՝ մարմին, շունչ եւ հոգի: Մեր գոյութեան իւրաքանչիւր տարրը, այդ թւում եւ մեր նուիրական մարմինը, պատկանում է Աստծուն եւ ծառայում Իր փառքին: Մենք իրաւունք չունենք Աստծու ստեղծագործութեան որեւէ տարր միայն մեր ուզելով գործածել: Աստուա՛ծ է Արարիչը ու միայն Նա՛ իրաւունք ունի թելադրելու՝ ինչպէ՛ս վերաբերուել Իր արարչութեանը: Խաղաղութեան Աստուածն ուզում է սրբացնել մեր մարմինը եւ անարատ պահել մինչեւ Յիսուս Քրիստոսի վերստին գալու ժամանակը:

Ծննդ. 2, 7։ Ես. 45, 9-10։ Մատթ. 10, 28։ Հռոմ. 9, 20-21։ Ա. Կորն. 6, 12-14: Ա. Թես. 5, 23: Յակ. 2, 26: Յայտ. 4, 11։

Երկրորդ. Թէ՛ ողջ եւ թէ՛ մեռած՝ մենք պարտաւոր ենք մարմնով ամբողջական հնազանդութիւն ու պատիւ ցուցաբերել Աստծուն, քանի որ մենք մեր անձերի տէրը չենք: Նա՛ է Տէրը մեր մարմնի, ինչպէս որ Տէրն է մեր շնչի եւ հոգու: Անկախ նրանից, թէ ինչպէս ենք վարւում մեր մարմնի հանդէպ, ապրինք թէ՛ մեռնենք, Տիրոջն ենք պատկանում, ուստի ամէն բան պէտք է Աստծու փառքին ծառայեցնել: Մենք շուտով Աստծուն հաշիւ պէտք է տանք այն ամէնի համար, որ գործել ենք նաեւ մեր մարմնով՝ թէ՛ բարին եւ թէ՛  չարը:

Ղեւտ. 19, 28: Թուեր 19, 11: Բ. Օրին. 14, 1: Մատթ. 5, 29-30: Հռոմ. 6, 12: 8, 13: 14, 7-9: Ա. Կորն. 6, 18-20: 9, 27: 10, 31: Բ. Կորն. 4, 7-11: Բ. Կորն. 5, 9-11: Փիլ. 1, 20: Կող. 3, 17։

Երրորդ. Յիսուս Քրիստոս մեռաւ իւրաքանչիւր մարդու բոլոր երեք տարրերի փրկութեան համար: Հետեւաբար, դա շատ ազդեցիկ ու համոզիչ պատճառ է՝ հաւատով ու սրբութեամբ վերաբերուելու մեր մարմնին: Աստուած ոչ միայն ստեղծեց մեր մարմինը, այլ նաեւ քաւեց մեր մարմնի գործած յանցանքները: Յիսուս Քրիստոս Իր մահուամբ մեր մարմինն ազատեց մեղքից: Ուրեմն, մենք իրաւունք չունենք դիակիզել այն: Մեր մարմինը պէտք է իր կեանքով ու մահուամբ նուիրուած լինի փառաւորելու մեր Տէր Յիսուս Քրիստոսին, ով պիտի նորոգի մեր խոնարհ մարմինը՝ Իր փառաւոր մարմնին կերպարանակից լինելու:

Հռոմ. 6, 12: 7, 24-25: 8, 17-25: 14, 7-9: Ա. Կորն. 6, 10, 31: 12-20: Բ. Կորն. 5, 14-15: 7, 1: Գաղ. 6, 17: Փիլիպ. 1, 20: 3, 21: Կող. 2, 20-23: 3, 17: Ա. Թես. 5, 23: Ա. Տիմ. 6, 13-16։

Չորրորդ. Մեր մարմինները, ինչպէս նշուեց, մեր սեփականութիւնը չէ ու միայն մեզ չի պատկանում, քանի որ այն ձեռք է բերուած շատ թանկ գնով՝ Յիսուս Քրիստսի քաւչարար Արիւնով: Մենք մարմնով եւ հոգով Քրիստոսի խորհրդական Մարմնի՝ եկեղեցու անդամներն ենք: Ինչպէ՞ս կարելի է հրկիզել եւ ոչնչացնել Քրիստոսի անդամները: Այնպէս որ մենք պէտք է Աստծուն փառաբանենք ինչպէս մեր ողջանդամ, այնպէս էլ  մեհացած մարմնով: Մենք` որպէս արարածներ, Աստծուն ենք պատկանում, ով փրկագնեց մեզ մեղքերից: Մենք չենք կարող Աստծուն փառաբանել՝ այրելով Արարչի ստեղծագործութիւնը:

Հռոմ. 6, 13: 7, 24-25: 8, 17-25: 12, 1-2: 14, 8: Ա. Կորն. 6, 12-20: Բ. Կորն. 5, 14-15: 7, 1: Փիլիպ. 1, 20: 3, 20-21։

Հինգերորդ. Քրիստոնեայի մարմինը տաճար է, ուր բնակւում է Սուրբ Հոգին: Քրիստոնեայի մարմինը Աստծու ներկայութեան մարմնաւորումն է: Եթէ ողջ եզած ժամանակ, ինչպէս նշում է Աւետարանը, մարմինն իրաւունք չունի մերձենալ կամ կենակցել պոռնիկին, ապա ինչպէ՞ս մեռնելուց յետոյ այն կարող է անդամակցել հինդուիզմին կամ բրահմանականութեանը: Ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը կուռքերի մեհեանի հետ: Եթէ մարմինը Սուրբ Հոգու բնակարանն է եւ արժանի է աստուածային ներկայութեան, ապա ինչպէ՞ս կարելի է այն այրելով վերածել կրի ու մոխրի եւ բռնի ոչնչացնել:

Յովհ. 14, 23: Ա. Կորն. 6, 15-20: 10, 31: Կող. 3, 17: Բ. Կորն. 1, 22: 5, 5: 6, 16: Եփես. 1, 14։

Վեցերորդ. Տէր Յիսուս Քրիստոս, որ թաղուեց եւ երրորդ օրը յարութիւն առաւ, շուտով պիտի վերադառնայ ու յարութիւն տայ հողի տակ գտնուող բոլոր մեռածների մարմիններին՝ կա՛մ յաւիտենական կեանքի, կա՛մ էլ յաւիտենական դատապարտութեան համար: Աւելորդ չէ կրկնել, որ յարութեան վարդապետութիւնը կարեւորագոյն հրամանակարգերից (դոգմա) է, որ յստակօրէն հերքում ու մերժում է մեհացած մարմինների անմխիթարական ու հեթանոսաբարոյ դիակիզումը:

Յոբ 19, 25-27: Ես. 26, 19: Մատթ. 22, 23:  27, 50-54: 28, 1-15: Մարկ. 16, 1-13:  Ղուկ. 20, 35-36: Յովհ. 5, 28-29: 11, 23-26:  Գործ. 1, 22: 4, 2. 33: 17, 16-34: 24, 14-16: Հռոմ. 6, 5: Ա. Կորն. 15, 1-58: Փիլիպ. 3, 8-11: Կող. 2, 12: Ա. Թես. 4, 13-18: Բ. Տիմ. 1, 9-10: Եբր. 6, 1-2: 11, 35: Ա Պետր. 3, 21: Յայտ. 1, 18։

Եօթերորդ. Մեղքի, մահուան, գերեզմանի ու դժոխքի դէմ Յիսուս Քրիստոսի յաղթանակի շնորհիւ՝ հաւատացեալները միայն ննջում են, երբ իրենց հոգին անջատուի մարմնից: Թէեւ նրանց մարմինները քայքայւում են բնական տարրալուծման հետեւանքով, սակայն յարութեան ժամանակ նրանք պիտի վերափոխուեն` ստանալով նորոգուած ու փառաւոր հոգեղէն մարմին: Ինչպէ՞ս կարող է քրիստոնեան ցանկանալ այրել մէկ այլ հաւատացեալի մարմինը, երբ նա ննջած է: Մահը մարմնի վախճանը չէ. այն միայն սպասում է յարութեան օրուայ իր վերանորոգութեանը:

Մատթ. 27, 52: Ղուկ. 8, 52-53: Յովհ. 11, 11-14: Գործ. 7, 59: Ա. Կորն. 15, 6. 18: Բ. Կորն. 5, 1-8: Ա. Թես. 4, 13-15: 5, 10: Բ. Պետր. 3, 4։

Ութերորդ. Մեղքի, մահուան, գերեզմանի ու դժոխքի դէմ Յիսուս Քրիստոսի յաղթանակի շնորհիւ՝ հաւատացեալի մարմինը սերմանւում է երկրի հողում, որպէսզի յարութեան օրը փառաւորուի հոգեղէն մարմնով: Անյոյս տգիտութիւնը եւ ճշմարտութեան դէմ ապստամբութիւնը դիակիզման հետեւորդներին կարող են առաջնորդել՝ հրկիզելու իրենց ապագայի սերմը: Եթէ մենք տնկակից եղանք Յիսուսի մահուան նմանութեամբ, Իր յարութեան նմանութեամբ էլ կցորդ պիտի լինենք Նրան: Մահը մարմնի վերջը չէ: Մահը սերմանումն է, որ գոյացնում է նոր՝ անապական մարմինը:

Հռոմ. 6, 5: 8, 17-25: Ա. Կորն. 15, 35-58: Բ. Կորն. 5, 1-8։

Իններորդ. Եթէ Պօղոս առաքեալի կարեւորագոյն աղօթքներից մէկն էր այն, որ Աստուած պահպանի մարդու մարմինը, շունչը եւ հոգին մինչեւ Քրիստոսի Երկրորդ գալուստը, ապա ինչո՞ւ ենք ուզում պղծել միմեմանց մարմինները դիակիզման այս հեթանոսական, սգոյ արարողակարգով: Ինչպէ՞ս կարող ենք մենք նման աղօթք անել այն ժամանակ, երբ այրում ենք իրար մարմինները: Պէտք է յարգել ու պահպանել մարմինները, քանի որ Աստծու զօրութեամբ արդարի մարմինը պահպանւում է անեղծ եւ անարատ ժառանգութեան համար:

Ա. Թես. 5, 23-24: Ա. Պետր. 1, 3-5։

Տասներորդ. Յատկանշական է, որ դիակիզման հեթանոսական սովորութեան հանրաճանաչ եւ աւելի հանրամատչելի դառնալու ու այդ պղծութեան լայն տարածման պատճառով այսօր անտեսւում է ե՛ւ Աստուածաշնչի վարդապետութիւնը, ե՛ւ սրբազան Աւանդութիւնը: Առաջին քրիստոնեաները գարշում էին դիակիզումից, բայց ժամանակակից շատ քրիստոնեաներ ընկրկելով այնքան են համակերպւում այս աշխարհին, որ չեն տեսնում որեւէ տարբերութիւն: Աշխարհի ժողովուրդների բարոյական այլասերման իմաստով դիակիզումն արդէն իսկ շատ բան է յայտնում իր իսկ «բարոյականութեան» մասին:

Երեմ. 6, 16: Ամոս 8, 11-12: Հռոմ. 1, 18-32: Բ. Կորն. 2, 17: 11, 3-4. 13-15: Բ. Տիմ. 3, 1-7. 13: 4, 3-4։

Տասնմէկերորդ. Աստծու բարեկամն ու բոլոր հաւատացեալների հայր Աբրահամը գնեց առաջին ընտանեկան գերեզմանոցը, ուր երդման ու խոստման համաձայն՝ թաղուած էին իր ընտանիքի շատ անդամները: Բազմաթիւ օրինակներ կան, որոնք ցոյց են տալիս, թէ թաղումն ընդհանրացած սովորութիւն էր Աստծու ժողովրդի համար: Այն տեղը, ուր թաղուած էր Աբրահամը, թաղեցին եւ իր կնոջը` Սառային: Այնտեղ թաղուեցին նաեւ Իսահակը եւ իր կինը` Ռեբեկան: Իսմայէլը նոյն տեղում թաղուեց: Ռաքելը թաղուեց Բեթղեհէմում: Յակոբը, նախքան մեռնելը օրհնելով իր զաւակներին, պատուէր տուեց,  որ իրեն թաղեն քարայրում  իր հայրերի հետ: Յակոբի` թաղման այս պատուէրը, որ շատ անյարմար պիտի լինէր Յովսէփին ու բոլոր այն ծառաներին, որոնք իր հետ երկար ճանապարհորդութեան պիտի գնային դէպի Քանանի երկիրը, ցոյց է տալիս, թէ Յակոբը չէր կարող նոյնիսկ պատկերացնել, թէ իր մեռած մարմնի հետ այլ կերպ կը վարուէին: Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, թաղուեց իր որդի Փենէէսին պատկանող ընտանեկան գերեզմանոցում: Սամուէլը մեռաւ, ու ամբողջ Իսրայէլը սուգ արեց, ու նրան Ռամայի իր տանը թաղեցին: Եղիսէն մեռաւ ու թաղուեց: Մեռած մարդուն Եղիսէի գերեզմանը նետեցին եւ Եղիսէի ոսկորներին հպուելուն պէս կենդանացաւ:

Ծննդ. 15, 15: 23, 1-20: 25, 8-10: 35, 8. 9. 29: Ծննդ. 47, 28-33: 49, 31: 35, 9-20: 49, 29: Բ. Օրին. 34, 5-8: Ա. Թագ. 25, 1: Յուդ. 1, 9: Դ. Թագ. 13, 20-21։

Տասներկուերորդ. Յովսէփը խոստում վերցրեց իսրայէլացիներից, որ մահից յետոյ իր ոսկորները Եգիպտոսից հանեն, որպէսզի Քանանի երկրում թաղուեն. թէեւ իր զմռսուած մարմինը տապանում պահպանեցին մօտ երկու հարիւր տարի՝ մինչեւ ելքը: Որքա՜ն հեշտ պիտի լինէր, եթէ դիակիզէին, ու նրա աճիւնասափորը տանէին Քանանի երկիրը:

Ծննդ. 50, 1-14: 50, 24-26: Ելք 13, 19: Յես.24, 32։

Տասներեքերորդ. Այն քրիստոնեաները, որոնք յամառում են, թէ դիակիզումն ընդունելի սովորութիւն է նաեւ այսօր, եւ Աստուած ոչ մի առարկութիւն չունի դրա հանդէպ, թող լրջօրէն իրենց հարցնեն, թէ ինչո՛ւ Աստուած նախընտրեց Մովսէսին թաղել հողում: Նա կարող էր պարզապէս դիակիզել նրա մարմինը, սակայն չուզեց հեթանոսների սովորութիւնը յարգել յատկապէս Իր բարեկամների համար: Ու թէեւ գերեզմանի տեղը յայտնի չէ, բայց Մովսէսը թաղուեց:

Բ. Օրին. 34, 5-8: Յուդ. 1, 9։

Տասնչորսերորդ. Սաւուղ թագաւորի գլխահատ մարմինը եւ իր որդիների մարմիններն այրեցին եւ յետոյ բոլորին ոսկորները թաղեցին Յաբիսի դաշտում: Նոյնիսկ մահապատժի ենթարկուած յանցագործների մարմինները պէտք էր թաղէին: Զարայի որդի Աքարին եւ իւրայիններին նզովուած գողութեան մեղքի համար քարքոծեցին ու թաղեցին՝ բոլորի վրայ դիզելով մեծ քարակոյտ, որ կայ մինչեւ այսօր:

Բ. Օրին. 21, 22-23: Յես. 7, 24-26: Ա. Թագ. 31, 8-13: Բ. Թագ. 2, 5-6։

Տասնհինգերորդ. Դաւիթ թագաւորը, որ նախատիպն էր Յիսուս Քրիստոսի թաղուեց, եւ իր գերեզմանատեղը հազար տարի անց յայտնի էր Երուսաղեմում:

Դ. Թագ. 2, 10: 11, 43: Գործ. 2, 29: 13, 36։

Տասնվեցերորդ. Յովհաննէս Մկրտչի աշակերտները նրա գլխատուած մարմինը թաղեցին: Ինչո՞ւ իր աշակերտները պարզապէս չհեռացան ու չթողեցին, որ դահիճները տնօրինեն Յովհաննէսի մարմինը: Ինչո՞ւ աշակերտները չդիակիզեցին նրա անգլուխ դիակը, այլ իրենց ուսուցչի մարմինը թաղեցին նշանաւոր տեղում: Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտների համար այդքան կարեւոր նշանակութիւն ունէր թաղել նրա գլխահատ մարմինը:

Մատթ. 14, 1-12: Մարկ. 6, 14-29։

Տասնեօթերորդ. Մեր Տէր Յիսուս Քրիստոս թաղուեց, եւ այս իրողութիւնը բաւարար է ցանկացած ճշմարիտ քրիստոնեայի համար, որովհետեւ ճշմարիտ աշակերտներն աշխատում են հետեւել իրենց Տիրոջ սուրբ օրինակին: Թէեւ Նրա մարմինն արդէն անճանաչելի էր տանջանքներից յետոյ, սակայն Նրան դրեցին շատ ապահով ու նոր գերեզմանում:

Մատթ. 26, 12: 27, 57-60: Մարկ. 15, 43-46: Ղուկ. 23, 50-53: Յովհ. 19, 38-42: Գործ. 13, 29: Ա. Կորն. 15, 4։

Տասնութերորդ. Կանայք օծեցին Յիսուսի մարմինը թանկարժէք իւղերով թէ՛ մահից առաջ եւ թէ՛ մահից յետոյ: Յիսուս թաղուեց ջերմեռանդ մի հաւատացեալի գերեզմանոցում, որ գնել էր յատկապէս իր թաղման համար: Որքա՜ն կարեւոր էր նրանց համար պատուել Յիսուսի մարմինը, թէեւ Նա երեք օր առաջ մեհացել էր ու գտնւում էր գերեզմանում:

Մատթ. 26, 12: 27, 57-60: Մարկ. 16, 1: Յովհ. 12, 1-8։

Տասնիններորդ. Աստուած չի լռում ու գարշում է դիակիզումից: Աստծու խօսքն ու պատուիրանները սիրող եւ դրանք որպէս կեանքի ուղեցոյց ընդունող քրիստոնեաների համար դիակիզումը մեղք է, քանի որ Ինքն Աստուած այն անուանում է յանցանք: Աստծու խօսքին հաւատարիմ եւ աստուածավախ քրիստոնեաների համար դիակիզումը մեղսալի մի արարք է, որովհետեւ նրանց համար Աստծու հրամանը դրժել նշանակում է մեղանչել Աստծու դէմ:

Ամոս 3, 1-2։

Քսաներորդ. Աստուած դատապարտեց մարմինների անհարկի հրկիզումը, յատկապէս երբ այրում էին մանուկներին՝ նրանց զոհաբերելով իրենց կուռքերին: Աստուած նոյնպէս դատապարտեց Մովաբի ամբարիշտներին, քանի որ այրեցին ու մոխիր դարձրին եդոմայեցիների թագաւորի ոսկորները:

Ղեւտ. 18, 21: Բ. Օրին. 12, 29-31: Գ. Թագ. 16, 3: Երեմ. 7, 29-34: Եզեկ. 23, 37: Ամոս 2, 1։

Քսանմէկերորդ. Դիակիզումն իրագործւում էր միայն շատ խիստ ու բացառիկ ծանր յանցագործութիւնների առիթով: Այն նզովեալների դատապարտութեան ու պատժի միջոց էր: Ապագայում էլ Աստուած աշխարհը հրով ու ծծմբով պիտի դատապարտի: Այն ժամանակ մեռելները պիտի դատուեն իրենց գործերի համաձայն, եւ նրանք, որոնց անունները Կեանքի գրքում չգրուեցին, կրակէ լիճը պիտի նետուեն: Յիմա ինչո՞ւ ոմանք պէտք է հակադրուեն այս գործընթացին:

Ծննդ. 19, 24-29: Ելք 32, 20: Ղեւտ. 10, 1-2: 20, 14: Թուեր 11, 1: 16, 35: Բ. Օրին. 7, 25: Յես. 7, 24-26: Դ. Թագ. 10, 26: 23, 15-17: Ա Մնաց. 14, 12: Մատթ. 25, 41: Մարկ. 9, 44: Ղուկ. 17, 28-30: Գործ. 19, 18-19: Բ. Պետր. 2, 6: Յուդ. 1, 7: Յայտ. 14, 11: 20, 15։

Քսաներկուերորդ. Դիակիզումն Աստծու ժողովրդի համար չէ: Աստուած չի կամենում, որ մարդիկ դիակիզուեն: Դիակիզւում էին միայն նրանք, ովքեր գրգռում էին Աստծու զայրոյթը եւ այդպիսով արժանանում Աստծու խիստ բարկութեանը: Սա ակնյայտ է սուրբգրային օրինակներից:

Ժող. 6, 3: Ես. 14, 19-20: Ա. Թագ. 21, 23: Բ. Թագ. 9, 33-37: 23, 16-20: Բ Մնաց. 34, 4-5։

Քսաներեքերորդ. Սովորաբար մարդ արարածը սիրում է իր մարմինը, ու բնականաբար, սնուցում եւ խնամում է այն: Բայց մահից յետոյ մարմինը հրկիզելը թեթեւ չէ սոդոմական մեղքին: Դա կարող են անել միայն այն հեթանոսները, որոնք արհամարհում են մարմինը: Նրանք իրենց ծնողներին, ամուսիններին ու զաւակներին զոհաբերում են չաստուածներին՝ կուռքերին՝ այրելով սիրելիների մազերը, երեսը, մաշկն ու ամբողջ մարմինը:

Առակ. 11, 18: 16, 26: Եբր. 5, 9-16: 7, 1-9: Հռոմ. 1, 31: Եփես. 4, 17-19: 5, 28-29: Բ. Տիմ. 3, 3։

Քսանչորսերորդ. Աստուած դատապարտեց Ադամին՝ ասելով. «Հող էիր եւ հող էլ կը դառնաս» (Ծննդ. 3, 19): Աստուած հողի փոշուց ստեղծեց Ադամին, այլ ոչ թէ խարոյկի մոխրից կամ կրից: Ադամը նորից հող դարձաւ, այլ ոչ թէ մոխիր, կիր կամ սուզակ: «Դու կիր էիր եւ կիր էլ կը դառնաս» ու նմանատիպ արտայայտութիւն գոյութիւն չունեն Աստուածաշնչում:

Ծննդ. 3, 19: Յոբ 34, 15: Սղմ .103, 29: Ժող. 3, 20: 17, 7: Դան. 12, 2։

Քսանհինգերորդ. Պատշաճ յուղարկաւորութիւն չունենալը խայտառակութիւն, անպատւութիւն եւ անարգութիւն էր համարւում: Մարմնի հրկիզումը աներեւակայելիօրէն գռեհիկ ու հակաքրիստոնէական երեւոյթ է: Բայց շատերը, որ իրենք իրենց քրիստոնեայ են համարում, կորցրել են իրենց համոզումը այս անվայել ու պղծարար երեւոյթի նկատմամբ, քանի որ աստիճանաբար ընդունում են այս անբարոյ հասարակութեան ազդեցութիւնը եւ դիակիզարանների աջակցութեան խթանումը։

Գ. Թագ. 21, 23-24: Դ. Թագ. 9, 30-37: Սաղմ. 83, 9-10: Ժող. 6, 3: Երեմ. 22, 18-19: 26. 23: 36, 30: Բ. Տիմ. 3, 1-5: 4, 3-4: Յակ. 4, 4։

Քսանվեցերորդ. Նոր Կտակարանի ժամանակաշրջանը տարբեր չէր: Քրիստոնեաները թաղում էին իրենց ննջեցեալներին: Մարթան ու Մարիամը թաղեցին իրենց եղբայր Ղազարոսին: Աստուածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին ու նրա վրայ մեծ ողբ արեցին: Նոյնիսկ Անանիան եւ իր կին Սափիրան թաղուեցին, երբ մեղք գործեցին Տիրոջ Հոգու դէմ: Նոյնպէս մեծահարուստին թաղեցին իր հարազատներն ու բարեկամները:

Մատթ. 8, 22: 27, 1-10. 57-60: Ղուկ. 16, 22: Յովհ. 11, 33-44: Գործ. 5, 1-11: 8, 2։

Քսանեօթերորդ. Սուրբ Մկրտութեան խորհուրդն Աստուածաշնչում իւրայատուկ նախապատկերն է թաղման ու յարութեան, ինչպէս որ նախատեսուած էր Աստծու կողմից: Մկրտուելով մենք Քրիստոսի հետ թաղուեցինք, որպէսզի Նրա հետ էլ յարութիւն առնենք՝ հաւատալով Աստծու զօրութեանը: Եթէ քրիստոնեան ընտրում է դիակիզումը, ուրեմն ուրանում է իր մկրտութիւնը, քանի որ այդ որոշումով ուրանում է յարութեան ճշմարտութիւնն ու հաւատը:

Յովհ. 3, 23: Ա. Կորն. 15, 29: Հռոմ. 6, 5: Կող. 2, 12: Ա. Պետր. 3, 21։

Քսանութերորդ. Չար է սատանան ու կամովին չարացաւ եւ առյաւէտ չար կամքի մէջ մնաց առանց զղջման: Բազում չարութիւնների համար այլեւայլ անուններ են տրւում նրան, ինչպէս դեւ, սատանայ, սադայէլ, բեէղզեբուղ, այս, չար, բանսարկու. նա կոչւում է նաեւ կործանիչ (յունարէն «διάβολος», Apollyon, Յայտ. 9, 11) կամ խորտակիչ (եբրայերէն «אבאדון», Abaddon): Մարդասպանութիւնը, ինքնասպանութիւնը, վիժեցումը եւ ընդհանրապէս՝ մարդու մարմնի վնասումը թէ՛ կենդանի (նոյնիսկ չծնուած) եւ թէ՛ մեռած ժամանակ, դիւական ծագում ունի: Սատանան ողջ ստութեան հայրն է ու ի սկզբանէ մարդասպան, ուստի հարկ է ճանաչել նրա չար գործերը:

Ծննդ. 3, 1-7: Յոբ 1, 1-22: 2, 1-10: Մատթ. 8, 29: 15, 22: 25, 41: 27, 5: Մարկ. 5, 1-15: 9, 44. 46. 48: Ղուկ. 9, 42: 13, 16: Յովհ. 8, 44: Գործ. 1, 18: Ա. Կորն. 5, 5: Ա. Տիմ. 1, 20: Բ. Պետր. 2, 4: Յուդ. 1, 6: Յայտ. 9, 11: 12, 7-17: 14, 11: 20, 10. 15։

Քսանիններորդ. Դիակիզումը պաշտամունք է չարին, քանի որ այն Աստծու բարի պարգեւի պղծումն ու ոչնչացումն է, որի գործընթացը վերցուած եւ ընդօրինակուած է դաժան ու տգէտ հեթանոս ազգերից եւ ցեղերից, որոնք իրենց չիմացած չաստուածներին էին զոհ մատուցում: Ու կարեւոր չէ, թէ ի՛նչն է դիակիզման մղիչը կամ դրթապատճառը։ Միեւնոյն է, նրանք, ովքեր ոչնչացնում են մարմինը, նմանւում են դեւերին են զոհ մատուցողներին:

Ղեւտ. 17, 7: Բ. Օրին. 32, 17: Բ Մնաց. 11, 15: Սաղմ. 106, 37: Մարկ. 16, 17-20: Յովհ. 6, 70: 8, 44: 13, 2: Գործ. 13, 10: 26, 18: Ա. Կորն. 10, 18-22: Բ. Կորն. 11, 3-4: 13, 15: Եփես. 2, 1-3: Բ. Թես. 2, 3-12: Ա. Տիմ. 4, 1: Յայտ. 12, 7-17: 16, 14։

Երեսուներորդ. Դիակիզումը կռապաշտութեան արտայայտութիւնն է:

Բ. Թագ. 17, 17.31: 21, 1-2. 6: Երեմ. 7, 31: 19, 4-5: Եզեկ. 16, 20-22: 20, 31: 23, 37։

Երեսունմէկերորդ. Քրիստոնեաները պէտք չէ սովորեն հեթանոսների ճանապարհները, այլ պէտք է մերժեն այս մեղսալի աշխարհի սին գաղափարները: Դիակիզումը պատմականօրէն չենք կարող առանձնացնել հեթանոսական պաշտամունքից, քանի որ այն բաները, որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում ու ոչ թէ Աստծուն: Հեթանոսները հաւատում են, թէ հրկիզման բոցը օգուտ է հոգու փրկութեանը, քանի որ ուրիշ մարմին ստանալու համար պէտք է ոչնչացուի նախկին մարմինը:

Ա. Կորն. 10, 20: Բ Կորն 6, 14-18: Յակ. 4, 4: Բ. Պետր. 3, 4: Ա Յովհ. 2, 15-17: Յայտ. 18,4։

Երեսուներկուերորդ. Քրիստոնեաները պէտք չէ կերպարանակից լինեն այս աշխարհին՝ չհետեւելով հեթանոսների ճանապարհներին, քանի որ հեթանոսների սովորութիւններն ունայնութիւն են: Հեթանոսները մերժում են Քրիստոսի Աւետարանը: Աստծու բարկութիւնը երկնքից յայտնւում է այն մարդկանց ամբարշտութեան եւ անօրէնութեան համար, որոնք ճշմարտութեան խօսքն անիրաւութեամբ են բռնել: Կուռքե՛րն են միայն այրւում։ Իսկ ի՞նչ նմանութիւն ունի կենդանի Աստծու տաճարը կուռքերի մեհեանի հետ: Օտարաբարոյ անհաւատներին գործակից պէտք չէ լինել: Ի՞նչ նմանութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ: Ուստի զերծ մնանք հեթանոսական չար սովորութիւններից, ինչպէս Յայտնութեան գիրքն է յորդորում. «Ելէ՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա մեղքերին եւ չընդունէք դրա պատուհասները, քանի որ դրա մեղքերը հասան մինչեւ երկինք»:

Ղեւտ. 18, 1-5: Բ. Օրին. 12, 1-4: 12, 29-32: Երեմ. 10, 1-2: Հռոմ. 1, 18-32: Բ. Կորն. 6, 14-18: Յայտ. 18, 4։

Երեսուներեքերորդ. Թաղման ծախսը պէտք չէ պատճառ ու պատրուակ լինի դիակիզման համար: Յուդան ուրացաւ Յիսուս Քրիստոսին ընդամէնը երեսուն կտոր արծաթի համար: Արդեօ՞ք կարելի է նոյնպէս ուրանալ Քրիստոսին փոքր-ինչ ֆինանսական շահի համար` նախապատւութիւնը տալով ոչ թէ թաղամանը, այլ դիակիզմանը: Եթէ դուք որոշել էք ձեր սիրելիին դիակիզել, կամ եթէ ձեր կամքին հակառակ ձեզ դիակիզեն, միեւնոյն է, Աստուած հեշտութեամբ կարող է վերակենդանացնել ու յարութիւն տալ ձեր ննջեցեալների կամ ձեր դիակիզուած մարմիններին: Բնական տարրալուծման հետեւանքով քայքայուած մարմինը վերակենդանացնելը հեշտ է Աստծու համար, եւ սա Աստծո՛ւ գործն է, այլ ոչ թէ նրա, ով այրում է մարմինը:

Յոբ 19, 25-27: Սաղմ. 139, 12-16: Կող. 1, 17: Եբր. 1, 3։

Երեսունչորսերորդ. Երբ Յիսուս Քրիստոս գայ Իր երկրորդ գալստեամբ, բոլոր մեհացածները, որոնք թաղուել են, դիակիզուել կամ այլ ճանապարհներով ոչնչացուել, յարութիւն պիտի առնեն: Ովքեր հետեւում են կեղծ չաստուածներին ու չեն հնազանդւում մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանին, պիտի վտարուեն Տիրոջ երեսից՝ պատժուելով յաւիտենական կրակի տանջանքով, իսկ ովքեր կատարում են Աստծու կամքը, կը մտնեն Երկնքի Արքայութիւնը, ուր համակ երանութիւն ու խաղաղութիւն է:

Մատթ. 7, 21-23: Ա. Թես. 4, 13-18: Բ. Թես. 1, 7-10: Ա. Տիմ. 6, 13-16։

Գևորգ սրկ. Գևորգյան

«Քրիստոնէական քննական տեսութիւն դիակիզման մերժման մասին» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս