Ռազմական ոստիկանության պետին Անդրանիկ Քոչարյանը լսումներին չէր հրավիրել
Հոկտեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը 2019-2024թթ. հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներ էր հրավիրել, որին ներկա էր ՀՀ ներքին գործերի նախարարը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և այլք:
Սակայն այս լսումներին ներկա չէր ՀՀ ռազմական ոստիկանության պետը, թեև ներկա պատգամավորների մոտ հարցեր են եղել նաև բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի հետ կապված, հատկապես վերջին շրջանում արձանագրված ինքնասպանությունների ֆոնին, և այդ հարցերին պատասխանել է, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն ասաց, որ լսումներին հրավիրված չի եղել։
Իսկ թե ինչու, Զաքարյանը խուսափեց պատասխանել՝ ասելով. «Շնորհակալություն, ցտեսություն»:
Մենք դիմել ենք նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին՝ պարզելու՝ ինչո՞ւ ՀՀ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին չեն հրավիրել լսումներին, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: