«Հուսով եմ, որ տեսնելու եմ այն ՀՀ-ն, որում այս որոշումը կայացրածներն ազատազրկվելու են պետական դավաճանություն մեղադրանքով». Հովհաննես Խուդոյան
Այսօր ԱԺ-ում «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, փաստաբան Հովհաննես Խուդոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ Անկախության հռչակագրի նկատմամբ այս ոտնձգությունները հանցագործություններ են։
«Սա հանցագործություն է՝ ինչպես ՀՀ-ի, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության նկատմամբ՝ ՀՀ հանձնառությունները կասկածի տակ դնելու պատճառով։ Հույս ունեմ՝ տեսնելու եմ այն Հայաստանը, որում այս որոշումը կայացնող անձինք ցմահ ազատազրկված են լինելու պետական դավաճանության մեղադրանքով»,- իր խոսքում նշեց փաստաբանը։
Ըստ նրա, պետք է հասկանալ այս երևույթների տրամաբանական օրինաչափությունը, թե որտեղից են գալիս և ուր են գնում։ Ավելին՝ այս ամենն իրականում անսպասելի չէր, ըստ նրա՝ տևական ժամանակ, մարդիկ, որոնք հետաքրքրված են այս թեմայով, հասկանում են՝ ինչ է կատարվում, պնդում են, որ տեղի է ունենալու ինչ-որ սարսափելի բան։
«Այս գործողության նախապատմությունը գալիս է շատ ավելի վաղ ժամանակից, ինչպես պարոն Օրբելյանը նշեց՝ այս հանցագործությունը պատրաստվել և կատարվել է պետական ինստիտուտների տևական և հետևողական զավթման եղանակով։
Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության զավթում, Սահմանադրական դատարանում կազմի փոփոխություն, իրավապահ համակարգում տոտալ վերահսկողություն, որպեսզի այն ժամանակ, երբ տեղի կունենան նման հանցագործություններ, պետությունը չունենա իմունիտետ՝ իր ինստիտուտների միջոցով դրանց արձագանքելու համար»,- հավելեց Հովհաննես Խուդոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում