ԻՊԲ-ն «Հեզբոլլահ»-ի մոտ ռուսական զենք է հայտնաբերել. Նեթանյահու
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) զինծառայողները ժամանակակից ռուսական զենք են հայտնաբերել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինյալների ռազմակայաններում կատարված խուզարկությունների ժամանակ: Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է հոկտեմբերի 16-ին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում։
Քաղաքական գործչի խոսքով՝ ՄԱԿ-ի 2006 թվականի բանաձևի համաձայն՝ միայն լիբանանյան բանակին է թույլատրվում զենք ունենալ Իսրայելի և Լիբանանի սահմանից ոչ հեռու հոսող Լետանի գետից դեպի հարավ ընկած տարածքում։
«Այնուամենայնիվ, «Հեզբոլլահ»-ը հարյուրավոր թունելներ և թաքստոցներ է փորել այս տարածքում, որտեղ մենք հենց նոր գտել ենք ռուսական ժամանակակից զենքի մի քանի միավոր», – ասել է նա։
Ավելի վաղ The Washington Post թերթը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների, հաղորդել էր, որ Լիբանանի հարավում ԻՊԲ-ի գործողության ընթացքում հայտնաբերվել է ռուսական և չինական հակատանկային զենք։Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։
Ըստ Լիբանանի առողջապահական իշխանությունների՝ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների զոհ է դարձել գրեթե 2400 մարդ, վիրավորվել՝ 10 900-ը, որոնց մեծ մասը՝ սեպտեմբերի վերջից Իսրայելի մեկնարկած հարվածների ընթացքում։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։
Իսրայելի տվյալների համաձայն՝ այս ընթացքում զոհվել է շուրջ 50 իսրայելցի՝ ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ զինվորներ։ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև բախումներ են ընթանում Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողություններին զուգահեռ։