
Համաշխարհային պետական պարտքն այս տարի կգերազանցի 100 տրիլիոն դոլարը. ԱՄՀ

Բոլոր երկրների ընդհանուր պետական պարտքն այս տարի, ըստ ակնկալիքների, կգերազանցի 100 տրիլիոն դոլարը, ինչը կկազմի համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 93 %-ը։ Այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցում։
«Համաշխարհային պետական պարտքի ցուցանիշը շատ բարձր է: Ինչպես սպասվում է, 2024 թվականին այն կգերազանցի 100 տրիլիոն դոլարը (դա համաշխարհային ՀՆԱ-ի 93 %-ն է) և կաճի մինչև տասնամյակի վերջը (մինչև 2030 թվականն այն կհասնի ՀՆԱ-ի 100 %-ին)։ Թեև պարտքը, կանխատեսումների համաձայն, կկայունանա կամ կնվազի երկրների մոտ երկու երրորդում, սակայն այն կմնա զգալիորեն ավելի մեծ, քան սպասվում էր մինչև համավարակը», – զեկույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
«Այն երկրներին, որոնցում չի կանխատեսում պարտքի կայունացում, բաժին է ընկնում աշխարհի պարտքի կեսից ավելին և համաշխարհային ՀՆԱ-ի մոտ երկու երրորդը: Ծանրակշիռ հիմքեր կան կարծելու, որ ապագայում պարտքի ցուցանիշները կլինեն ավելի բարձր, քան այժմ կանխատեսվում է: Վերջին տասնամյակներում բյուջեի հարցերի շուրջ քաղաքական քննարկումն ավելի ու ավելի է գնում կառավարության ավելի մեծ ծախսերի ուղղությամբ», – նշել են հիմնադրամի մասնագետները։
Փաստաթղթում չեն ներկայացվել առանձին երկրների պետական պարտքի ցուցանիշները կամ կանխատեսումները։
Ապրիլին ԱՄՀ-ի մասնագետները նշել էին, որ բոլոր երկրների պետական պարտքի մակարդակը 2023 թվականին աճել է «մոտ երկու տոկոսային կետով՝ հասնելով (խմբ.՝ համաշխարհային) ՀՆԱ-ի 93,2 %-ին»։
«Աճի առաջատարները եղել են երկու խոշորագույն տնտեսությունները՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը, որտեղ պարտքն աճել է ՀՆԱ-ի համապատասխանաբար ավելի քան երկու և վեց տոկոսային կետով», – պարզաբանել են հիմնադրամում: