Բաժիններ՝

Իրանում հայտարարել են միջուկայինից ավելի հզոր զենք ունենալու մասին

Իրանը միջուկայինից շատ ավելի հզոր զենք ունի: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զարգացման և սպառազինության հանձնաժողովի նախկին քարտուղար Էբրահիմ Ռոստամին։ Նրա խոսքերը փոխանցում է IFP գործակալությունը։

«Մենք ունենք սարքավորումներ, որոնք շատ ավելի հզոր են, քան միջուկային զենքը»,- նշել է Ռոստամին՝ ձեռնպահ մնալով այլ մանրամասներ ներկայացնելուց:

Նախորդ շաբաթ Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում պատմական հանգամանքներ են ստեղծվել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար: Դրանից անմիջապես հետո իրանցի 39 պատգամավորներ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին կոչ էին արել արտոնել միջուկային զենքի ստեղծումը՝ հրեական պետության հնչեցրած սպառնալիքների պատճառով։ Իրանի պաշտպանական դոկտրինը, հիմնվելով Գերագույն առաջնորդ Ալի Խամենեի որոշմանը, արգելում է միջուկային զենքի ստեղծումը, քանզի համարվում է, որ դա հակասում է իսլամի սկզբունքներին:

Հոկտեմբերի 1-ին Իրանը պատմության մեջ երկրորդ անգամ զանգվածային հրթիռակոծության էր ենթարկել Իսրայել՝ դա համարելով ինքնապաշտպանության գործողություն։ Իսրայելցի զինվորականների պնդմամբ՝ արձակված շուրջ 180 բալիստիկ հրթիռների մեծամասնությունը չեզոքացվել է, և չի հանգեցրել զոհերի երկրի քաղաքացիների շրջանում: Իրանցիները պնդում են, որ հրթիռները խոցել են Իսրայելի ռազմական օբյեկտները: Իսրայելը սպառնացել է պատասխան հարված հասցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս