Հայաստանի և Ղազախստանի նախագահները քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները
Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդելու հարցում։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ բանակցությունների ընթացքում երեքշաբթի օրը Աստանայում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ երկու երկրների նախագահների բանակցությունները կայացել են «Ակորդա» նախագահական նստավայրում:
Ջերմորեն ողջունելով պաշտոնական այցով Ղազախստան ժամանած ՀՀ նախագահին՝ Ղազախստանի ղեկավարը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է երկու պետությունների համագործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնելու հարցում։«Վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Մենք կարևորում ենք բարձր մակարդակով պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները, որոնք ղազախ-հայկական գործընկերության ամուր հիմքն են:
Ղազախստանում շատ են գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Ղազախական հողում ջերմ զգացմունքներ են տածում հայ ժողովրդի նկատմամբ: Ղազախստանի համար Հայաստանը հուսալի և ժամանակով փորձված սերտ գործընկեր է։ Մեր ժողովուրդները կապված են բարեկամության ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ և համանման մշակութային ու մարդասիրական արժեքներով։
Գոհունակությամբ եմ նշում, որ մեր երկկողմ հարաբերությունները դինամիկ և առաջանցիկ կերպով զարգանում են բոլոր ուղղություններով»,- ընդգծել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նա ընդգծել է, որ այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ձևավորվել է երկկողմ հարաբերությունների ամուր ինստիտուցիոնալ հիմք։
«Առևտրատնտեսական փոխգործակցությանը զուգահեռ ակտիվորեն զարգանում են մեր ժողովուրդների մշակութային և հումանիտար կապերը։ Անցյալ տարի Երևանում անցկացվել են Հայաստանում ղազախական թատրոնի օրերը։ Հաջորդ տարի ձեր երկրում նախատեսվում է կազմակերպել Ղազախստանի մշակույթի տասնօրյակ։ Այսօր հանդիսավոր կերպով կբացենք Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը»,- հայտարարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Հայաստանի և Ղազախստանի նախագահները բանակցությունների ընթացքում քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտային և լոգիստիկ, գյուղատնտեսության, ֆինանսական, մշակութային և հումանիտար, ինչպես նաև թվայնացման ոլորտներում համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի։