Հայաստանը չպետք է փորձեր անի՝ փոխելու երկրի ռազմավարական կողմնորոշումը. Դա վտանգավոր ու դատապարտված քաղաքականություն է. Արման Գրիգորյան. «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցն ԱՄՆ Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արման Գրիգորյանն է:
– Արցախը կորցնելուց հետո Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական բարդ խաչմերուկում: Փաշինյանն այն անվանում է «Խաղաղության խաչմերուկ»: Իրականում մեր երկրի ու ժողովրդի անվտանգային խնդիրները շատ են, իսկ ապագան՝ անորոշ: Համաձայն չե՞ք:
– Եթե հակիրճ՝ դժվար է այդ գնահատականը վիճարկելը։
– Կտրուկ շրջադարձ դեպի եվրաատլանտյան ուղի, ՌԴ-ի ու ՌԴ-ի հովանու ներքո գործող կառույցների հետ հարաբերությունների վատթարացում, Բաքվի եւ Անկարայի հետ բարեկամանալու փորձեր: ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական վեկտորը սա է: Ի՞նչ զարգացումներ եւ հետեւանքներ ակնկալենք այս ուղղություններով:
– Բաքվի եւ Անկարայի հետ բարեկամանալու ձեւակերպման մեջ պոլեմիկական տարր կա, ու ես չեմ ուզում այդ ձեւակերպմանը հավանություն տալ։ Ընդհանուր առմամբ, ես համարում եմ ու միշտ համարել եմ, որ մենք պետք է փորձենք նորմալացնել մեր հարաբերությունները հարեւանների հետ։ Ի տարբերություն Փաշինյանի, ես այդ կարծիքին էի նաեւ պատերազմից առաջ ու կարծում էի, որ մենք շատ ավելի արժանապատիվ խաղաղություն կարող էինք ունենալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, եթե դա բանակցված, փոխզիջումային լուծման արդյունքում լիներ եւ ոչ պատերազմի։ Բայց նույնիսկ հիմա ես մի քիչ լավ չեմ հասկանում հարաբերությունները նորմալացնելու դեմ փաստարկները։
Ի՞նչ պիտի անենք` հրաժարվե՞նք խաղաղության պայմանագրից ու նորմալացումից։ Դա նշանակում է մնալ այդ երկրների հետ փաստացի պատերազմական իրավիճակում (անգլերեն դրան ասում են state of belligerence), այն էլ, երբ մենք շատ խոցելի ու տկար վիճակում ենք։ Դա նշանակում է հարեւաններին ասել՝ մենք հիմա չենք կարող ուժով փոխել ստատուս քվոն, բայց մտադիր ենք դա անել, երբ հնարավորություն կունենանք։ Իրականում Հայաստանում շատերը դա բացեիբաց են հայտարարում։
Դե հիմա պատկերացրեք՝ դուք նստած եք Բաքվում կամ Անկարայում, ի՞նչ հետեւություն կանեիք նման վարքագծից։ Ճիշտ է՝ թույլ չտալ հայերին, որ երբեւէ այդ հնարավորությունն ունենան։ Ու քանի որ հայերն են, որ հրաժարվում են խաղաղության պայմանագիր կնքել, որեւէ քննադատության, դատապարտման կամ ճնշման դեմ նրանք միշտ այդ փաստարկը կունենան։ Ինչ վերաբերում է երկրի ռազմավարական կողմնորոշումն արմատապես փոխելու, եղած անվտանգության համակարգից հրաժարվելու եւ երկիրը դեպի Արեւմուտք կողմնորոշելու փորձերին, այստեղ ես Ձեզ հետ համաձայն եմ։ Սա անպատասխանատու արկածախնդրություն է, հերթական օրինակը քաղաքական որոշ իրողություններ սխալ գնահատելու կամ, ավելի ճիշտ` քաղաքական ու նյութական իրողություններն ինչ-որ գրանդիոզ իղձերի ստորադասելու հակման, ինչը Փաշինյանի ու նրա թիմի քաղաքական ինքնության առանցքն է։ Որեւէ՝ նույնիսկ հեռավոր ակնարկ չկա այն մասին, որ Արեւմուտքը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին՝ նման շրջադարձի պարագայում։ Իսկ նման շրջադարձի դեպքում մենք ոչ միայն ավելի խոցելի կդառնանք թուրքական ու ադրբեջանական օրեցօր կոշտացող դիրքորոշման դեմ, այլ նաեւ կշահենք Ռուսաստանի թշնամանքը։
– Մեր գլխին դամոկլյան սրի պես կախվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Փաշինյանն օրերս խոստովանեց, թե «Խաղաղության խաչմերուկ»-ի իմաստն այն է, որ ՀՀ-ն տարածքներ տրամադրի հարեւաններին: Անկարան էլ պաշտոնապես պնդեց, որ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված առաջընթաց կա: Սա Երեւանի հերթական ցավալի զիջո՞ւմը կլինի:
– Ճիշտն ասած` տեղյակ չեմ, թե ինչ է ասել ՀՀ-ից տարածքներ տրամադրելու մասին։ Ինչ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» կոչվածին, Փաշինյանը դա քարոզում է որպես այլընտրանք զինադադարի 9-րդ պարբերությամբ ստանձնած պարտավորության կատարմանը։ Ես, անշուշտ, նախընտրում եմ Փաշինյանի քարոզածը, բայց դա շատ փոքր շանս ունի՝ բանակցությունների ընթացքի վրա ազդեցություն ունենալու, որովհետեւ ադրբեջանցիներն այդ հարցում շատ կոշտ դիրքորոշում ունեն` միաժամանակ շատ շահեկան դիրքերում լինելով մեզ հետ ուժերի հարաբերակցության տեսանկյունից: Ռուսները մեզ մեղադրում են գործընթացը սաբոտաժ անելու փորձերի մեջ, Արեւմուտքը քաջալերում է՝ այդ միջանցքը տրամադրել, բայց, իհարկե, առանց ռուսների ներգրավվածության։
– «Մեզ համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է. դեմ ենք ցանկացած միջանցքի, որը կխախտի ՀՀ տարածքային ամբողջականությունը»․ սա Իրանի դիրքորոշումն է, այս դիվանագիտական «կրակոցներն» ուղղված են նաեւ ՌԴ-ին: Պուտինն էլ խոստացավ՝ 3 ամսից Մեղրիի անցակետում ռուս սահմանապահներ չեն լինի: Ի՞նչ խաղ է ընթանում:
– Իրանը պաշտոնական մակարդակով դեմ է արտահայտվել միջանցքին, բայց վստահ չեմ, թե ինչ կանի, եթե բանը հասնի ուժային լուծման փորձին։ Մասնավորապես, եթե ռուսները որոշեն նման փորձի առաջ դեղին լույս վառել, վստահ չեմ, որ Իրանը միայնակ պատրաստ է շատ կտրուկ գործողությունների։ Այդ հայտարարություններից ակնհայտ է, որ Իրանը որոշակի անհանգստություններ ունի Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ, ու որ նրանց դիրքորոշումներում որոշակի տարբերություններ կան։ Բայց դրանց նշանակությունը գերագնահատել չի կարելի։
– Բաքվում կայանալիք COP-29 համաժողովից առաջ մի շարք գործիչներ, իրավապաշտպաններ, կազմակերպություններ բարձրացնում են Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների եւ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի ազատ արձակման հարցը: Միջազգային ճնշումն ուժեղանո՞ւմ է, շոշափելի արդյունքներ սպասե՞լ:
– Վստահ չեմ։ Գուցե նման հնարավորություն ստեղծվեր, եթե մի քանի կարեւոր երկիր սպառնար բոյկոտել համաժողովն ու ուլտիմատում ներկայացնել Ադրբեջանին։ Բայց եթե նման սպառնալիք չլինի, այլ ընդամենը լինեն հորդորներ ու քննադատություններ, չեմ կարծում, թե Ալիեւի որոշումների վրա դրանք բավարար ազդեցություն կունենան։
– Երեւանում եւ Բաքվում չեն բացառում, որ COP-29-ի նախաշեմին կարող է ստորագրվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը: Նման հավանականություն տեսնո՞ւմ եք, երբ Ալիեւը շարունակում է խոչընդոտ համարել ՀՀ գործող սահմանադրությունը:
– Միայն սահմանադրությունը չէ։ Վերջին շրջանում օրական մի նոր նախապայման են առաջ քաշում ադրբեջանցիները՝ պատժել առաջին արցախյան պատերազմի «հանցագործներին», պայմաններ ստեղծել «Արեւմտյան Ադրբեջանից» վտարված ադրբեջանցիների վերադարձի համար, դելիմիտարիզացիա իրականացնել, Հայաստանի ՀՆԱ-ի երկու չափով փոխհատուցում վճարել Ադրբեջանին՝ 30-ամյա «օկուպացիայի» համար եւ այլն։ Մոսկվայում էլ, երբ լրագրողներն Ալիեւին ու Փաշինյանին հարցրին, թե արդյո՞ք մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն, Փաշինյանն ասաց՝ այո, մինչդեռ Ալիեւը պատասխանեց, որ տակավին չլուծված խնդիրներ կան։ Այսպես ասեմ. ես շատ կզարմանամ, եթե պայմանագիրը ստորագրվի մինչ այդ համաժողովը։
– Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ Թրամփի իշխանության վերադառնալու դեպքում Եվրոպան կհայտնվի նրա ու Պուտինի հետ menage a trois-ի («սիրային եռանկյունու») մեջ: Ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է առավելագույնս շահեկանորեն վերադիրքավորվի Հայաստանը:
– Հայաստանում մի փոքր չափազանցված ընկալում կա, թե որքան մեծ կարեւորություն ունի ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Անկարեւոր պաշտոն չէ, իհարկե, բայց չափազանցված են կտրուկ ու մեծ փոփոխություններ անելու նրանց կարողության մասին պատկերացումները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությանն ու ռազմական անվտանգությանն առնչվող հարցերին։ Այստեղ շատ ավելի կարեւոր դեր են խաղում որոշակի շատ մեծ կարողություններ ունեցող շահախմբեր ու, այսպես կոչված, խորքային պետությունը (deep state)։ Ի վերջո, Թրամփը նախագահ էր նաեւ 2016-2020 թթ.-ին։ Նրա որոշ մտադրություններ խոսքերից այն կողմ չգնացին, ԱՄՆ-ի քաղաքականությունն էլ որեւէ արմատական փոփոխության չենթարկվեց, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը։
Հիմա, սրանով հանդերձ, մի բան եմ ուզում նշել։ Ինչ-որ փոփոխություն Ռուսաստանի հետ հարաբերություններում կարող է տեղի ունենալ, բայց դա կապված չէ հենց ընտրությունների հետ։ Պարզապես, քաղաքականապես դա հեշտ կլինի անել ընտրություններից հետո։ Իսկ այդ փոփոխությունները հավանական դարձնող պատճառները 3-ն են։ Առաջին. Ուկրաինայում Արեւմուտքի քաղաքականությունը ձախողվել է, եւ նույն՝ ամերիկյան խորքային պետությունն ու նշածս շահախմբերը կարծես թե սկսում են հասկանալ, որ ժամանակն է դա կանգնեցնել։ Երկրորդ. խիստ սրվել է իրավիճակը Մերձավոր Արեւելքում, եւ ԱՄՆ-ի նյութական ու քաղաքական ռեսուրսներն անհրաժեշտ են լինելու այնտեղ։ Երրորդ. սկսում են նաեւ մի պարզ բան հասկանալ ամերիկյան վերնախավի գոնե որոշ հատվածներում, որ դեռ 30 տարի առաջ պիտի հասկացած լինեին. Ռուսաստանի հետ առճակատման քաղաքականությունը վերջինիս հրում է Չինաստանի գիրկը, այն էլ՝ այն Չինաստանի, որն այսօր դարձել է ԱՄՆ-ի ամենալուրջ մրցակիցը, եւ որի հետ ռազմավարական մրցակցությունը դառնում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ամենահիմնական մտահոգությունը։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Ես հարցը մի քիչ այլ կերպ կձեւակերպեի. ի՞նչ չպետք է անի Հայաստանը։ Հայաստանը չպետք է փորձեր անի՝ փոխելու երկրի ռազմավարական կողմնորոշումը։ Իրականում դա վտանգավոր ու դատապարտված քաղաքականություն է, եթե նույնիսկ վերեւում արված վերլուծությունը սխալ է, եւ եթե մոտ ապագայում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ոչինչ չփոխվի։
– ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսն այս տարի շնորհավորեց ՀՀ անկախության տոնը եւ նշեց՝ ԼՂ հայերի վերադարձի իրավունքը կարեւոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից: Իսկ ՀՀ նախագահն արցախցիների վերադարձը ժամանակավրեպ է համարում: Հարիսի ասածը հակասո՞ւմ է արեւմտյան կուրս որդեգրած ՀՀ իշխանությունների մոտեցմանը, թե՞ այլ ենթատեքստ կա:
– Հարիսի ասածից ես մեծ հետեւություններ չէի անի։ Դա ավելի շատ նախընտրական շրջանում հայ ընտրողներին դուր գալու փորձ է, որը որեւէ լուրջ հանձնառություն չի ենթադրում։ Նա ասել էր, որ հաստատում է արցախցիների վերադարձի իրավունքը, բայց չէր պահանջել Ադրբեջանից համապատասխան քայլեր, չէր սպառնացել ինչ-որ գին պարտադրել վերջինիս, եթե այդ քայլերը չարվեն եւ այլն։
– ԱՄՆ ընտրություններին ընդառաջ ինչ են տրամադրություններն ամերիկահայության շրջանում: Ընտրություն կատարելիս կգործի հայկական ավանդական «ականջներով հավատալու» սկզբո՞ւնքը, թե՞ առողջ դատողություն ու իրատեսությունը՝ հանուն հայկական շահի:
– Ես, ճիշտն ասած, այդքան լավատեղյակ չեմ ամերիկահայության տրամադրություններից։ Դա ուսումնասիրող որեւէ հարցման արդյունքներ նույնպես չեմ տեսել։ Վստահ էլ չեմ, թե նման հարցումներ արվել են։ Բայց երեւի մեծամասնությունը հակված է ձայնը Հարիսին տալու՝ հիմնվելով այն ենթադրության վրա, որ Թրամփը պարզապես կարող է ձեռքերը լվանալ Հայաստանից ու այն դիտարկել որպես Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկիր, ինչը, ենթադրաբար, նա համարում է նորմալ։ Սակայն, ինչպես արդեն ասացի, ես մեծ տարբերություններ չեմ ակնկալում։