
Բորելը հայտնել է Իսրայելին զենքի մատակարարումների հարցում ԵՄ-ում առկա տարաձայնությունների մասին

Եվրամիությունում սուր տարաձայնություններ են ծագել Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցման հարցի շուրջ. ԵՄ մի շարք երկրներ, հակառակը, հանդես են գալիս մատակարարումների ավելացման օգտին։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
«Այդ (խմբ.՝ Իսրայելին զենքի մատակարարումների) խնդիրը մնում է ազգային իրավասությունների շրջանակում։ Անդամ երկրներն այս հարցում լուրջ տարաձայնություններ ունեն: Եվրամիության մի շարք երկրներ, ընդհակառակը, հանդես են գալիս մատակարարումների ավելացման օգտին: Մենք դա կքննարկենք, բայց ես արդյունք չեմ ակնկալում», – ասել է նա:
Բորելը նաև քննադատել է Իսրայելի կողմից ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերի գնդակոծումը՝ դա անվանելով «լիովին անընդունելի»։
Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 14-ին անցկացվում է ԵՄ խորհրդի արտաքին գործերի նախարարների նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինային Եվրամիության և նրա անդամ երկրների ռազմական աջակցությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը։