Տարօրինակ հարցերին պատասխանելու ցանկություն չունեմ. այդ տրամաբանական շղթան ապուշություն է. Քոչարյան

«Ձեզ համար ընդունելի է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանն իր թիմով վերադառնա»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման հարց տրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Մի քիչ տարօրինակ չի՞ թվում Ձեզ այդ հարցը, տարօրինակ է թվում, և տարօրինակ հարցերին պատասխանելու ցանկություն չունեմ: Եթե Դուք ինքներդ այդպես եք մտածում, մտածում եք, որ դրա մեջ կա ողջամտությո՞ւն, թե՞ դա ուղղակի ապուշություն է: Դուք կարո՞ղ եք ասել: Այդ տրամաբանական շղթան ապուշություն է, շատ կներեք: Ես համոզված եմ, որ բավարար գիտելիքներ և վերլուծական ընդունակություններ ունեք՝ նման կերպ չմտածել»,- ի պատասխան՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին՝ հավակնո՞ւմ է ՀՀ ղեկավարի պաշտոնին ապագայում, նա պատասխանեց. «Ձեր հարցը ևս ինձ համար հասկանալի չէ: Եթե խոսքը գնում է քաղաքականությամբ զբաղվելու-չզբաղվելու մասին, ապա ես 2008 թվականի ապրիլի 9-ից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել: 2018 թվին քաղաքականությունն սկսեց զբաղվել ինձնով: Ես եղել եմ և՛ նախագահի, և՛ վարչապետի պաշտոնում. Պաշտոնն այն քաղցրությունը չունի, որին չտես մարդիկ կարող են կպնել և կարծել, թե դա իրենց կյանքի վերջին երազանքն է»:

Լրագրողի դիտարկմանը՝ ֆիքսենք՝ չեք հավակնում, նա արձագանքեց. «Ո՛չ, ո՛չ: Դա իմ իրավունքն է: Ես արդեն ասացի, որ չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրն այնպիսի վտանգների, այնպիսի արհավիրքների տակ է հայտնվել, և նաև ինձնով են սկսել զբաղվել քաղաքականությամբ, այդ ամբողջական պատկերն, այո, ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն: Մինչև այդ սպառնալիքները չվերանան՝ իմ իրավունքն է, իմ թիմի իրավունքն է՝ զբաղվել քաղաքականությամբ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս