1.5 տարի կալանավորված եմ եղել ապօրինի հոդվածով, և մինչ այսօր ինձնից ներողություն չեն խնդրել. Քոչարյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ  իր կալանավորմանն ու արդարադատության համակարգում եղած իրավիճակին:

«Ես ավելի քան 1.5 տարի կալանավորված եմ եղել ապօրինաբար, չեղած հոդվածով, և մինչև այսօր ինձնից ներողություն չեն խնդրել ո՛չ Դատախազությունը, ո՛չ ընդհանրապես որևէ պետական մարմին: Ավելին, շարունակում են աճպարարությամբ այս գործը հետ բերել դատարան՝ ինչ-ինչ նպատակներով: Այն, ինչ կատարվում է, իրավական խուլիգանություն է, ավելի մեղմ բառ չեմ կարողանում օգտագործել: Ոչ միայն այս գործի հետ կապված, այլ ընդհանրապես դուք տեսնում եք կալանավորների քանակը, քաղաքական հետապնդումների, այն, ինչ անում են համայնքային ընտրություններից հետո՝ ոչ ցանկալի համայնքապետերի ընտրվելու պարագայում: Սա անընդունելի է»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:

Մարտի 1-ի գործի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահը նկատեց՝ ո՞վ է գործող իշխանությունների ձեռքից բռնել, թող ամբողջությամբ քննեն:

Լրագրողի դիտարկմանը՝ ասում են՝ պարկուճները փոխվել են, դա է խանգարում գործը բացահայտել, նա արձագանքեց. «Բաներ են ասում աբսուրդի ժանրից, մեկ-մեկ լսում ես, ասում ես՝ ամոթ է նույնիսկ արձագանքել այդ կարգի հայտարարություններին»:

Կարդացեք նաև

Լրագրողը պնդեց՝ այսինքն՝ պարկուճները չե՞ն փոխվել, նման տեղեկություններ չունի՞ Երկրորդ նախագահը:

«Ե՞րբ է դա կատարվել»,- հարցին հարցով պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը:

«2008-ից քննված քրեական գործի նախաքննության ընթացքում»,- պատասխանեց լրագրողը:

«Ե՞րբ է այդ փամփուշտները փոխվել, Դուք գիտե՞ք օրը: Եթե մի հարցի վերաբերյալ հարց եք տալիս, ապա առնվազն այդ հարցը պետք է նախօրոք ուսումնասիրեիք Դուք՝ ավելի կոնկրետացված: Այդ հարցը Դուք ուսումնասիրեք, նայեք՝ երբ է դա կատարվել, եթե կատարվել է, և ես Ձեզ խոստանում եմ՝ այդ հարցի պատասխանը Ձեզ տալ այն ժամանակ, երբ ինքներդ տիրապետեք Ձեր հարցի մանրամասներին»,- լրագրողին պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է իր գործին, նա նշեց, որ Վճռաբեկ դատարանը չի «վերակենդանացրել» 301 հոդվածը. «Այդ հոդվածն այլևս գոյություն չունի և երբեք չի ունեցել: Ինչպե՞ս կարելի է փոխել մի բան, որը գոյություն չունի: Ուրեմն՝ պետք է նոր մեղադրանք առաջադրեն, խնդրեմ, թող առաջադրեն, բայց նման կարգի թատրոններ չստեղծեն: ՍԴ-ն ասել է, որ ժամանակին երբ այս գործը կարճվել է, դատախազները կարող էին վերաորակել՝ նման միջնորդությամբ հանդես գալ, չեն արել, պահը կորցրել են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս