Բաժիններ՝

Արաբական պետությունները Լիբանան ներխուժումը կդիտեն որպես ոտնձգություն արաբական ազգային անվտանգության դեմ

Ցանկացած ներխուժում Լիբանանի տարածք կամ դրա մասնակի օկուպացիան իրենից կներկայացնի ոտնձգություն համաարաբական ազգային անվտանգության դեմ:  ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ նման հայտարարություն են տարածել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամները Կահիրեում մշտական ​​ներկայացուցիչների մակարդակով կազմակերպության խորհրդի արտակարգ նիստի արդյունքներով:

«Դատապարտում ենք Իսրայելի շարունակվող բարբարոսական ագրեսիան Լիբանանի դեմ և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այն, քանի որ նման գործողությունները լուրջ վտանգներ են ներկայացնում տարածաշրջանային կայունության համար: Մենք նաև հաստատում ենք, որ ցանկացած ներխուժում Լիբանանի տարածք և դրա որևիցե մասի օկուպացիան կհամարենք ոտնձգություն համաարաբական ազգային անվտանգության դեմ»,- ասված է կոմյունիկեում, որը տարածել է Իրաքի Shafaq News տեղեկատվական հարթակը։

Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստի մասնակիցները կոչ են արել երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պատրաստվում են մարդասիրական օգնություն տրամադրել լիբանանցիներին, «արագացնել դրա առաքումը»:

ԱՊԼ-ի խորհուրդը նաև հայտարարել է իր աջակցությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին` վերջինիս Իսրայելում «պերսոնա նոն գրատա» հայտարարելու առնչությամբ:

Լիբանանում տիրող իրավիճակի հարցով Արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստը կայացել է Իրաքի խնդրանքով։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Իսրայելը հայտարարել է, որ այս հարվածների արդյունքում մտադիր է անվտանգ պայմաններ ստեղծել երկրի հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տներ։

Ըստ Լիբանանի կառավարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից Լիբանանում գրեթե 1300 մարդ է զոհվել։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս