ՀՀ քաղաքացիների տվյալները հասանելի կդառնան մասնավոր կազմակերպությանը

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախագիծ, որով ամփոփվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նոր ձևաչափով կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտեր տրամադրելու մրցութային վերջին փուլը, և առաջարկվել է նախագծով հաստատել երկրորդ փուլի բոլոր մանրամասները, այդ թվում՝ վերջնականացված պայմանագրի նախագիծը։

«Երեք որակավորված հայտատուներ կան՝ միջազգային բարձր հեղինակություն ունեցող, որից երկուսը՝ կոնսորցիում, մեկը՝ անհատ կազմակերպության ձևաչափով: Շուրջ հինգ ամիս պետք է բանակցություններ վարեինք այս երեք հայտատուների հետ, որպեսզի կարողանայինք փոխընդունելի ձևակերպումներ ունենալ ամբողջ մրցույթի պայմաններում: Ի վերջո, կարողացել ենք ճիշտ ժամկետներում ամփոփել բանակցությունները»,- նշել է Արփինե Սարգսյանը:

Իսկ թե այս որոշումից հետո ինչ քայլեր են սպասվում և ինչ հնարավորություններ են ի հայտ գալու, ՆԳ փոխնախարարը մանրամասնել է.

«Հոկտեմբերի 8-ին գնահատող հանձնաժողովը կհաստատի առաջարկի հարցման ամբողջ բնութագիրը, և հոկտեմբերի 10-ին տեղեկատվությունը կհանրայնացնենք, դրանից հետո մասնակիցները կներկայացնեն հայտերը։ Հայտերի ներկայացման համար մինչև 2025 թվականի հունվարի 10-ը հնարավորություն ունեն հայտատուները, դրանից հետո սկսվելու է բուն գնահատման պրոցեսը գնահատող հանձնաժողովի կողմից, և 80 օր ժամկետ ունենք ամփոփելու ամբողջ տվյալները։ Գնահատելու ենք 2 կոմպոնենտ՝ որակ և գին, բայց առաջնահերթությունը տալիս ենք որակին: Այսինքն, ի սկզբանե գնահատում ենք որակական ստանդարտը, հետո նոր միայն անցնելու ենք գնի բացմանը: 2025 թվականի մարտի վերջին մենք արդեն կունենանք հաստատված հաղթող ընկերություն»։

Կարդացեք նաև

Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ, բիոմետրիկ անձնագիրը կտա բարձր ստանդարտ, որը թույլ կտա հարաբերվել նաև այլ պետությունների հետ:

«Օդանավակայաններում այնպիսի խնդիրների ենք բախվում, որը թույլ չի տալիս շատ արագ անցնել սահմանային անցման կետերը, և այս նոր համակարգը թույլ կտա հստակ բիոմետրիկ տվյալների հավաքագրման և համադրման արդյունքում կրճատել հերթերը օդանավակայաններում, արագ սպասարկում ունենալ և հասնել նրան, որ տարբեր երկրներում ավելի արժանապատիվ ճանապարհորդելու իրավունք ունենան մեր քաղաքացիները»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման նախադրյալներից մեկն է այս համակարգի ներդրումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս