Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանին զգուշացրել է ձեռնպահ մնալ Վաշինգտոնի կամ Թել Ավիվի դեմ գործողություններից
ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չորեքշաբթի Իրանին զգուշացրել է ձեռնպահ մնալ իր կամ Իսրայելի վրա հարձակումներից, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում «փոխադարձ բռնության մահացու շրջափուլը պետք է ավարտվի»: «Ժամանակը սպառվում է», – ասել է նա խորհրդին:
ՄԱԿ-ի՝ 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհուրդը հրավիրվել է, երբ Իսրայելը սպանել է Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման առաջնորդին և ցամաքային գործողություն սկսել Լիբանանի տարածքում, իսկ Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին՝ Մերձավոր Արևելքում ավելի լայն պատերազմի վերաբերյալ մտավախություն առաջացնելով:
«Մեր գործողությունները պաշտպանական բնույթ էին կրում»,- Խորհրդին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: Թույլ տվեք հստակ ասել. Իրանի ռեժիմը պատասխանատվություն է կրելու իր գործողությունների համար: Եվ մենք խստորեն զգուշացնում ենք Իրանին կամ նրա վստահված անձանց՝ ձեռնպահ մնալ ԱՄՆ-ի կամ Իսրայելի դեմ հետագա քայլեր ձեռնարկելուց»:
Իր հերթին, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերն հայտարարել է, որ Ֆրանսիան ցանկանում է, որ լարված իրավիճակը հարթելու համար Անվտանգության խորհուրդը «միասնություն դրսևորի և հանդես գա որպես միասնական ճակատ»։
Միևնույն ժամանակ, ըստ ԱՄՆ ներկայացուցչի, Խորհուրդը պետք է դատապարտի Իրանի հարձակումը և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) իր գործողությունների համար «լուրջ հետևանքների» պատասխանատվություն դնի։
«Մենք՝ որպես Անվտանգության խորհրդի անդամներ, հավաքական պատասխանատվություն ենք կրում հավելյալ պատժամիջոցներ սահմանելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ՝ ահաբեկչությանը աջակցելու և այս Խորհրդի շատ բանաձևեր խախտելու համար», – ասել է ԱՄՆ դեսպանը:
Գուտերիշն իր հերթին Խորհրդին հայտարարել է, որ խստորեն դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա։
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարարը հայտարարել էր, որ արգելում է Գուտերեշի մուտքը երկիր, քանի որ նա չի դատապարտել Թեհրանին։