Իզուր մոտեցաք ամբիոնին, ես Ձեզ հարց չէի տվել. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ մեջբերումներ արեց Փաշինյանից: Առաջին մեջբերումը՝ սեպտեմբերի 28-ին Փաշինյանի արած այն հայտարարությունից, որտեղ նա հանգել էր մի հետևության՝ «մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել»:
Մյուս մեջբերումը 2021 թվականին «Եռաբլուրում» Փաշինյանի արած հայտարարությունից էր:
«Ի վերջո, մեր տղերքը ինչի՞ համար զոհվեցին. Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին՝ մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնար, բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա, դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների և մեր բանակի շնորհիվ է»,- մեջբերեց Աղվան Վարդանյանը, ապա հարց ուղղեց:
«Ո՞ր խոսքիդ հավատա Հայաստանի քաղաքացին. «Արցախը կա» ասելով՝ դու Արցախը հանձնել ես Ադրբեջանի նախագահին, հիմա պետություն ունենալու հնարավորությո՞ւն ես տեսնում, թե՞ իշխանության մնալու հնարավորություն: Ես այդ մարդուն հարց չունեմ, բայց ուզում եմ իմ հարցին թեկուզ մտքում պատասխանեն մեր քաղաքացիները, զոհերի հարազատները՝ հազարավոր երիտասարդ մարդկանց կյանքի վրա այսպիսի մանիպուլյացիա անողին ի՞նչ անուն կտաք, ինչպե՞ս կբնութագրեք»,- ասաց Վարդանյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկու մեջբերումն էլ ճիշտ է, երկուսի հետ էլ որևէ խնդիր չի տեսնում. «Երկու մեջբերումների միջև ընկած տարածությունը և բովանդակությունը մենք քննարկել ենք հատկապես ԱԺ-կառավարություն նախորդ հարցուպատասխանի ընթացքում»:
Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Իզուր մոտեցաք ամբիոնին, ես Ձեզ հարց չէի ուղղել: Եթե Ձեզ հարց չեն տալիս, մի պատասխանեք»:
Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Եթե հարց չունեիք ինձ, մի արձագանքեք, բա ինչո՞ւ եք արձագանքում, որովհետև կա հարց, պատասխան, արձագանք, արձագանքի արձագանք: Դե հիմա էլ եք արձագանքում, նշանակում է՝ հարց ունեք: Ի՞նչ՝ կոմպլեքսավորվո՞ւմ եք ինձ հարց տալուց, թե՞ մտածում եք՝ ինչ-որ մի բան ասեք, նենց անեք, որ ես ամբիոնին չմոտենամ, որ հետո ասեք՝ ա՜, տեսաք, ինչ հարց տվեցինք՝ չկարողացավ պատասխանել: Դուք ՀՀ քաղաքացիներին եք դիմում, ես այստեղ մոտեցել եմ՝ որպես ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչ և մարդ, ով իրավունք ունի խոսել ՀՀ քաղաքացիների անունից: Դուք էլ իրավունք ունեք խոսել՝ որպես պատգամավոր, բայց ես առավել ևս իրավունք ունեմ խոսել»: