ԵԱՏՄ-ում թվային փոխակերպումը ճկունության ձեռքբերումն է անալոգայինից թվային տվյալներին անցնելու գործընթացում․ Փաշինյան

Վստահություն և անվտանգություն, այս երկու սկզբունքի վրա է հիմնվելու ՀՀ թվային համակարգը։ Այդ մասին Երևանում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով միության տարածքում մեկ միասնական թվային համակարգի ստեղծմանը։

«Թվային համակարգերը պետք է մարդկանց ու բիզնեսի համար լինեն գործնականում կիրառելի, օգտակար և արդիական։ Եթե դա տեղի չի ունենում, ապա դա ոչ թե թվայնացում է, այլ իմիտացիա է»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով` պետական համակարգերն ամբողջովին պետք է թվայնացվեն. դա խիստ կարևոր է, որպեսզի պետության կողմից մատուցվող ծառայություններն ամբողջովին դառնան թափանցիկ։ Դա, ըստ նրա, հնարավորություն կտա մարդկանց ու բիզնեսին առավել պարզեցնել փոխգործակցությունը պետության հետ։

Այդ նպատակով, Փաշինյանի խոսքով, պետք է ստեղծվեն տվյալների պահպանման վստահելի համակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի պետական կառույցների միջև անխոչընդոտ փոխանակել տվյալները։ Դա հնարավորություն կտա հրաժարվելու փաստաթղթաշրջանառությունից։

Նա նշեց, որ ապագայում թվայնացումը կօգնի ակնհայտորեն մեծացնել մարդկանց տեղաշարժի ազատությունը։
շ

Հիշեցնենք, որ հունիսի 14–ին ՀՀ կառավարությունում նշվեց, որ Հայաստանի պետական մարմինների տեղեկատվության պահպանման համար սերվերների կամ թղթապանակների փոխարեն կկիրառվեն «ամպային» լուծումներ։ Այս նոր լուծումը կապահովի տեղեկատվության պահուստավորման և վերականգնման վստահելի մեխանիզմեր` տվյալների կորստից պաշտպանվելու համար։ Սկզբնական փոլում «ամպային» տիրույթում կտեղադրվեն այն տեղեկությունները, որոնք չեն պարունակի պետական գաղտնիք և կհամարվեն ցածր ռիսկայնության։

Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ «Ամպայինն առաջինը» քաղաքականությունը հնարավորություն կտա զերծ մնալ ավելորդ ծախսերից` թղթապանակներից, սերվերներից, կրիչներից։

Տեսանյութեր

Լրահոս