Անահիտ Ավանեսյանը ՄԱԿ-ում անդրադարձել է հակամանրէային դեղերի թեմային

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է, որն այսօր վերաբերվում է ողջ մարդկությանը: Այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ելույթով անդրադառնալով հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի թեմային։

Նա ներկայացրել է հայաստանյան ռազմավարությունը, անդրադարձել կրթական և իրազեկման շրջանակում իրականացվող աշխատանքներին։

«Հայաստանը հետևողականորեն մշակել և իրականացրել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարին ուղղված ազգային ծրագրեր, որոնք առնչվում են համապատասխան շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանը, առողջապահական հաստատություններում վարակների կանխարգելմանն ու վերահսկմանը, հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստրի ստեղծմանն ու մշտադիտարկմանը»,-նշել է նախարարը։

Անահիտ Ավանեսյանը բարձր մակարդակի հանդիպմանը վերահաստատել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի գլոբալ գործողության առաջնագծում տարվող աշխատանքներում Հայաստանի ներգրավվածությունը:

«Այսպես կոչված «լուռ համաճարակի» կանխարգելումը պահանջում է միջոլորտային համագործակցություն` ապահովելով տարբեր գերատեսչությունների համատեղ և արդյունավետ աշխատանքը «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ»,-շեշտել է Ավանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս