
«Ռոսսելխոզնադզոր»-ը շահագրգռված է Ռուսաստան ներմուծել վավերացված հայկական ծագման իսկական ապրանքներ. Սերգեյ Դանկվերտ

ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը Մոսկվայում բանակցություններ է վարել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի հետ։
Այս մասին նշված է «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրներում բուսաբուծական և անասնաբուծական մթերքների նկատմամբ առկա վերահսկողության համակարգերի գործունեությունը։ Սերգեյ Դանկվերտը ևս մեկ անգամ ընդգծել է արտահանվող ապրանքների, ինչպես նաև արտադրամասերի վերահսկողության համակարգի հանդեպ մոտեցումների համարժեքության կարևորությունը։Նշվում է, որ ռուսական ծառայությունը բաց է Հայաստանի իրավասու գերատեսչության հետ երկխոսության համար, ինչպես նաև պատրաստ է ընդլայնել ապրանքների մատակարարների ցանկը։
««Ռոսսելխոզնադզոր»-ը շահագրգռված է Ռուսաստան ներմուծել վավերացված հայկական ծագման իսկական ապրանքներ: Նման ապրանքների ներմուծման համար պարտադիր պայման է արտադրանքի որակը, անվտանգությունը և արտահանողների կողմից Ռուսաստանի Դաշնության սահմանված պահանջներին համապատասխանությունը:
Ներկայումս ՌԴ պատվիրակությունը ստուգումներ է անցկացնում կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններում՝ Ռուսաստան ներմուծման համար նախատեսված արտադրանքի արտադրության, վերամշակման, պահպանման և առաքման վայրերում համատեղ ստուգում իրականացնելու և կաթնամթերքի որակի վերահսկման համակարգին ծանոթանալու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը պայմանավորվել են երկու երկրների տեղեկատվական համակարգերի ինտեգրման անհրաժեշտության շուրջ։
Սա էապես կհեշտացնի աշխատանքը և թույլ կտա Ռուսաստանի և Հայաստանի իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներին առցանց մոնիթորինգ իրականացնել սահմանային անցակետերում՝ չեղարկելով ժամկետանց վկայականները, և օպերատիվ արձագանքել խախտումներին։
Սերգեյ Դանկվերտը և Պետրոս Մարտիրոսյանը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ և հաստատել իրենց մտադրությունը՝ զարգացնել համագործակցությունն առաջադիմական մեթոդներով։