
Սիրիայում հայտնել են Դամասկոսի վրա իսրայելական հարվածից 5 զինծառայողի զոհվելու մասին

Սիրիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Իսրայելի զինված ուժերը հարված են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող սիրիական ռազմական օբյեկտի, որի հետևանքով զոհվել է 5 զինվոր, 1-ը վիրավորվել է։ Այս մասին նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Facebook-ում:
«Գիշերը ժամը 01:35-ի սահմաններում թշնամի Իսրայելն օդից ագրեսիա է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքներից` թիրախավորելով սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող մեր ռազմական օբյեկտներից մեկը Դամասկոսի նահանգի Քֆեր Յաբուս բնակավայրի մերձակայքում», – ասվում է հայտարարության մեջ:
Իսկ սեպտեմբերի 26-ին, ըստ սիրիական պետական SANA գործակալության, առնվազն ութ մարդ վիրավորվել է սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող «Մատրաբա» հսկիչ անցակետին հասցված իսրայելական հարվածի հետևանքով։ Գործակալության տվյալներով՝ տուժածներն աշխատում էին սահմանային անցակետում, որը գնդակոծության պահին աշխատում էր սովորական ռեժիմով։ Գնդակոծության հետևանքով նաև նյութական վնաս է պատճառվել։