Նիկոլ Փաշինյանի խիստ զգուշացումը ՍԴ նախագահ Արման Դիլանյանին տեղ հասավ

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 24-ին, Սահմանադրական դատարանում (ՍԴ) մեկնարկում է «2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը, որի զեկուցողներ են Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։

Բնական է, որ հետաքրքրությունը գործընթացի նկատմամբ բավականին մեծ էր, և ՍԴ բակում դեռ վաղ առավոտից հավաքված լրատվամիջոցները ջանում էին Բարձր դատարան մտնող դատավորներից փորձել որևէ բան իմանալ դրա մասին:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նույնպես զրուցեց լրագրողների հետ: Վերջինս մտահոգ էր, զգացվում էր՝ ինչ որոշում էլ կայացնի, ինչպես էլ քվեարկի, այն հեշտ չէր տրվելու նրան:

«Չի կարող որևէ միջազգային պայմանագիր, որը Սահմանադրությամբ նախատեսված կարգով պետք է վավերացվի և վավերացման ենթակա է, առանց ՍԴ անցնելու՝ գնա վավերացման»,- ասաց ՍԴ նախագահը:

Կարդացեք նաև

168.am-ի դիտարկմանը, թե 90-ականներից սկսած՝ Հայաստան-Վրաստան սահմանազատման հանձնաժողովներ են գործում, բայց նման ընթացակարգ չի եղել, Արման Դիլանյանը պատասխանեց՝ ես Ձեզ միանշանակ եմ ասում՝ եթե մի միջազգային պայմանագիր պետք է վավերացվի, ինքը չի կարող չգալ Սահմանադրական դատարան:

«Եթե կա մի միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն ինքը Հայաստանի համար իրավական ուժ չունի»,- ասաց նա:

Հանրության մեջ առկա մտահոգություններին էլ փաստաթղթի հակասահմանադրականության վերաբերյալ Արման Դիլանյանը պատասխանեց՝ հենց դրա համար են հավաքվել, որ որոշեն՝ հակասո՞ւմ է, թե՞ չի հակասում:

«Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց ՍԴ նախագահը:

Անդրադառնալով ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող գործընթացներին՝ Արման Դիլանյանը նշեց՝ որպես անձ՝ իհարկե, ուշադիր հետևում է այդ իրադարձություններին, բայց որևէ կերպ չի միջամտում քրեական գործի քննությանը:

«Իսկ որպես դատարան, որպես դատարանի դատավոր ու նախագահ՝ երբ կգա մեր ասելու ժամանակը, մենք անպայման կասենք»,- ասաց Արման Դիլանյանը:

Նույն օրն իսկ ՍԴ-ն գնաց խորհրդակցական սենյակ, և հիմա Հանրապետությունը սպասում է Բարձր դատարանի որոշմանը, ինչն իսկապես կենսական կարևորություն ունի պետության համար:

Այդ օրը 168.am գրել էր, որ Սահմանադրական դատարանի 9 դատավորների՝ Արման Դիլանյանի, Վահե Գրիգորյանի, Հրայր Թովմասյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի և Արթուր Վաղարշյանի ուսերին դրվում է պետության լինելիության պատասխանատվությունը:

Հենց նրանց որոշումից է կախված՝ կլինի՞ Հայաստան պետություն, թե՞ Ադրբեջանին թույլ կտան այս անգամ արդեն օրենքով խժռել մեր պետությունը: Վստահաբար նրանք գիտակցում են՝ ինչ դիլեմայի առաջ են կանգնած՝ ծառայել Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ պահել պետությունը. Որոշումն իրենցն է, պատասխանը հայ մարդունը՝ աշխարհի որ ծագում էլ որ գտնվի:

Բնական է, որ Նիկոլ Փաշինյանի համար նույնպես ՍԴ-ի որոշումը կենաց-մահու նշանակություն ունի: Նա խոսք է տվել իր «կառուցողական» բարեկամ Ալիևին, իսկ փաստացի այն հնարավոր չէ կատարել՝ առանց ՍԴ-ի որոշման: Ու թերևս Արման Դիլանյանի պատասխանները դուր չեն եկել նրան, և ՍԴ նախագահին ուղղված խիստ զգուշացումը չուշացավ՝ ավանդաբար իր ընտանեկան, կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող ու խմբագրվող «Հայկական ժամանակ»-ում:

Նույն օրը՝ երեկոյան 21:30-ին, իրենց պատկանող armtimes.com կայքում հրապարակվեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը՝ բնակարան, տարածք, փոխառություն, շարժական գույք, գումար… Ինչպես սովորաբար լինում է:

Նիկոլ Փաշինյանը շատ առարկայական ու թափանցիկ ակնարկ կատարեց Արման Դիլանյանին՝ իր կողմից կայացվող որոշումից առաջ. «Նայի հա, դու գիտես՝ ինչ պետք է անես, հակառակ դեպքում՝ հաջորդ հրապարակումն այսքան անմեղ չի լինի»:

Ակնարկը տեղ հասավ, Դիլանյանն էլ հասկացավ իր անելիքը: Այսօր ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը:

Տեսանյութեր

Լրահոս