«Չնայած Արայիկ Հարությունյանը Բաքվի բերդում է, բայց մի մասնավոր զրույց կբացահայտեմ». Նաիրա Զոհրաբյան
«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն այն կարծիքին է, որ Սրբազան շարժումը ոչ թե հոկտեմբերի 2-ից պետք է սկսեր իր գործողությունները, այլ սեպտեմբերի 24-ին, երբ ՍԴ-ն քննարկելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգը:
«Ուղղակի կատաստրոֆա կլինի, եթե այս ՍԴ-ն հաստատի այդ կանոնակարգը, իսկ մենք ավելի քան վստահ ենք, որ հաստատելու է: Այնտեղ պետք է լինի ընդդիմության ներկայություն: Հիմա, երբ սա ասում եմ, վստահ եմ, որ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ և ուժեր ասելու են՝ դե, դու գնա և արա: Դա ամենաէժանագին մանիպուլյացիան է, երբ ես ասում եմ՝ կարծում եմ՝ այսպես պետք է անել, ասում են՝ հրապարակն ազատ է, գնա, արա: Ես չեմ կարող դա անել բազմաթիվ պատճառներով. Ես չունեմ հնարավորություն, ռեսուրս, ենթակառուցվածքներ, իմ ետևում քաղաքական ուժեր չկան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ շարժումը պետք է հստակ ճանապարհային քարտեզ ներկայացնի:
Նա համոզված է, որ արտաքին խաղացողները, այդ թվում՝ ՌԴ-ն, աջակցում են Նիկոլ Փաշինյանին, որովհետև վերջինս ձեռնտու է բոլորին. «Չնայած Զախարովայի կծմծոցներին, Զատուլինի և Լավրովի հայտարարություններին, ՌԴ-ին ևս այս ազգակործան պատուհաս իշխանությունը ձեռնտու է, որովհետև Հայաստանն այսօր դրված է աշխարհաքաղաքական աճուրդի սեղանին, և այս պրոցեսը բոլորին ձեռք է տալիս: Մենք չենք կարող ռուսներին, Իրանին, Արևմուտքին ասենք՝ դուք մեզանից հայ եղեք: Ես հասկանում եմ, որ ցանկացած ընդդիմադիր շարժում այսօր օբյեկտիվ դժվարություն ունի, որովհետև Փաշինյանին իրենց աշխարհաքաղաքական շահերի համար աշխարհաքաղաքական բազմաթիվ կենտրոններ են պաշտպանում: Մի դեպքում է հնարավոր այդ աշխարհաքաղաքական կոնսենսուսը ջարդել, եթե ժողովուրդին առաջարկվի ռեալ գործողությունների ճանապարհային քարտեզ, ոչ թե ելույթ, որ եթե Նիկոլը մնաց, սա է լինելու: Հանրության 80 տոկոսը դեմ է այս իշխանությանը»:
Նա անդրադարձավ Փաշինյանի և տիկնոջ ակտիվությանը, նշելով, որ, օրինակ Գերմանիայում երբ Փաշինյանը գնացքով ճամփորդում էր և տեսանյութ հրապարակում, նրանց հետևում 12 անվտանգության աշխատակից է եղել. «Այդ կապիկությունները թարգեք, ամոթ է: Բայց երբ իրենք կառչում են այս էժանագին PR տեխնոլոգիաներից, սա չափորոշիչ է, որովհետև արդեն իր վստահությունը կորցրած իշխանությունն է այսպիսի էժան քայլերի դիմում: Այդ ամենն ուղղված է իր էլեկտորատին, իրեն հաջողվում է նրանց մագնիսացված պահել: Իր էլեկտորատը 2 սեգմենտից է բաղկացած՝ 90 տոկոսը ցածր ինտելեկտուալ, մտավոր ցենզ ունեցող մարդիկ են, իսկ 10 տոկոսն աբիժնիկներն են»:
Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ ընդդիմադիր անտինիկոլ ճակատը պետք է հասկանա՝ կոնկրետ գործ և գործողություններ պետք է արվեն. «Երբ սրանք շենքեր էին գրավում, ես նստած էի ԱԺ-ում, երբ Արարատ Միրզոյանին հարցին՝ դուք ներխուժել եք ռադիոտուն՝ ռազմավարական նշանակության օբյեկտ, ասաց՝ լավ ենք արել, հղում արեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որտեղ գրված էր, որ եթե իշխանությունների դեմ պայքարում երկրի օրենքները և Սահմանադրությունը բավարար չեն, ժողովուրդն իրավունք ունի ապստամբության, ասաց՝ մենք հեղափոխություն ենք անում, և ցանկացած քայլ օրինական է»:
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած գնահատականներին և Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի արձագանքին, նա մի մասնավոր խոսակցություն ներկայացրեց. «Չնայած Արայիկ Հարությունյանը Բաքվի բերդում է, բայց ես մի մասնավոր զրույց կբացեմ՝ Արայիկ Հարությունյանի հետ. պատերազմից հետո Արցախի իշխանության կողմից ինձ առաջարկվել է զբաղեցնել Ռուսաստանում Արցախի ներկայացուցչի պաշտոնը, ես հրաժարվել եմ: Այդ ժամանակ, երբ ես Ստեփանակերտում էի, Արայիկ Հարությունյանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարումը համաձայնեցված է եղել Նիկոլ Փաշինյանի հետ: Պարզ է, չէ՞, որ համաձայնեցված է եղել, ինչի՞ մասին է խոսքը: Եվ ճիշտ է Ռուբեն Վարդանյանը, երբ ասում է, որ պետնախարար նշանակվելուց հետո Փաշինյանի հետ հանդիպել է, թող այդ հարցերը տար: Հասկանո՞ւմ եք՝ ոչ միայն բարոյական չէ Բաքվի բերդում գտնվող Արցախի քաղաքական էլիտային թիրախավորելը… հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ էլ ասաց, որ ձայնագրություններ ունեն, թե իբր եթե նրանք գային Հայաստան, իր իշխանության դեմ պետական հեղաշրջում էին նախապատրաստում: Հիմա ես իրավունք ունե՞մ լեգիտիմ կասկած ունենալու, որ այս իշխանության համար շատ հարմար է, որ Արցախի քաղաքական էլիտան մնա Բաքվի բերդում»:
Նա տեղեկություններ ունի, որ արցախահայերի դեմ քարոզչության վրա իշխանությունները հսկայական գումարներ են ծախսում մեկ նպատակով, որ արցախցիները հեռանան Հայաստանից. «Փաշինյանը վախենում է, որովհետև արցախցին, որին ինքը զրկել է հայրենիքից, պոտենցիալ հրապարակում կանգնող և իր հրաժարականը պահանջող է: Արցախցիների հետ օրերս հանդիպել էի, և 3 մլն դրամի այդ սերտիֆիկատը, որ տալիս են, էդ որտե՞ղ են մարդիկ էդ բնակարանները գնելու: Ամեն ինչ անում են, որ մարդիկ այդ 3 միլիոնը վերցնեն ընդամենը տոմսի փող և երկիրը լքեն: Արցախահայության դեմ այս տոտալ քարոզչությունը, իգնորը, իրենց պատգամավորների լափառոշ պահվածքը, ձեռ առնելը, հեգնանքը մեկ նպատակ ունի, որ այս մարդիկ իրենց վերջին հայրենիքից էլ հիասթափվեն և գնան»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում