Երևանում 2 հոգով առևանգել են կնոջ և բռնության ենթարկել․ մեկ անձ կալանավորվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել

Երևան քաղաքի բնակչուհու կողմից ներկայացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են վերջինիս առևանգման և նրան բռնության ենթարկելու դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, որոնք ծանոթ են եղել տուժողին։

ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, վարույթի շրջանակներում կատարված քննչական, դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 35-ամյա Մ․ Ա․-ն 2024թ․ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, իր մտերիմ Ա․ Պ․-ի հետ վերջինիս կողմից շահագործվող «Տոյոտա Քեմրի» մակնիշի տրանսպորտային միջոցով գնացել են տուժող կնոջ՝ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում գտնվող շենքի բակ և ավտոմեքենայում սպասել նրան։

Այն բանից հետո, երբ վերջինս տաքսիով շենքի բակ մտնելուց հետո դուրս է եկել ավտոմեքենայից, Մ․Ա․-ն, նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ մազերից քաշելով, և քարշ տալով, տուժողին նստեցրել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան։ Ապա Մ․Ա․-ն վարորդ Ա․ Պ․-ին հրահանգել է վարել ավտոմեքենան նշված վայրից, ինչը վերջինս կատարել է։ Տուժողին բռնությամբ ավտոմեքենան նստեցնելուց հետո Մ․ Ա․-ն շարունակել է վերջինիս նկատմամբ ֆիզիկական ներգործության կիրառումը, մասնավորապես՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխի և մեջքի հատվածներին, նստել է ոտքերին, ձեռքերով սեղմել պարանոցը։ Որոշ տարածք անցնելուց հետո ավտոմեքենան կանգ է առել և տուժողը, բացելով և իրեն նետելով ավտոմեքենայից, փորձել է փախուստի դիմել։

Սակայն Մ․Ա․-ն ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, գետնին ընկած վիճակում քարշ տվել դեպի ավտոմեքնայի հետևի աջ հատվածը, փորձել կրկին մտցնել ավտոմեքենայի սրահ՝ ևս 2 անգամ ձեռքով հարվածելով նրա ծոծրակային հատվածին: Այդուհանդերձ, տուժողին հաջողվել է փախչել և պատսպարվել մոտակա առանձնատներից մեկում և զանգահարել է Ոստիկանություն։

Տուժողի ստացած մարմնական վնասվածքների բնույթը և ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստները, որոնց զննությամբ հայտնաբերվել են աղտոտվածության հետքեր, պատռվածքներ։ Վերցվել և զննության է ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքի տեսագրությունը։ Հարցաքննվել են անձինք։

Կատարված գործողությունների արդյունքում սեպտեմբերի 18-ին 35-ամյա Մ․Ա․-ն հայտնաբերվել է, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և ձերբակալվել։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Մ․Ա․-ն անձնական թշնամանքի շարժառիթով, հոգեկան ներգործություն գործադրելու դիտավորությամբ, 2024թ․ հունվարի 22-ից հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, Ա․Հ․-ին պարբերաբար տվել է սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպսռնալիքներ: Այնուհետև՝ 2024թ․ հունվարի 25-ին, անձնական թշնամանքի շարժառիթով, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, փորձել է հրկիզել մեկ այլ անձի ավտոմեքենան, որի արդյունքում այդ անձին՝ Ա․Հ․-ին, պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:

Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի հրկիզման դեպքի վերաբերյալ՝ դատաքննության փուլում գտնվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Մ․Ա․-ի նկատմամբ կիրառված է եղել այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն։

Վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Մ․Ա․-ի հետ խմբի կազմում գործած, «Տոյոտա Քեմրի» մակնիշի տրանսպորտային միջոցը վարած Ա․ Պ․-ի նկատմամբ։ Քննիչի կողմից կայացվել է վերջինիս ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել էՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին։

Նախաքննությունը շարունակվում է։

Տեսանյութեր

Լրահոս