«Բարոյալքման վերջին ստադիան է. արցախցիները գուցե մեզ ներեն, բայց Աստված չի ների». Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է. նա փորձում է ամեն կերպ Արցախի հանձնումը, իր հանցանքը, 5000 հոգու նահատակումը, Արցախի հայաթափումը ներկայացնել՝ որպես անխուսափելի իրողություն, որի համար բոլորը մեղավոր են՝ Ադամից, Եվայից մինչև նախկիններ, ռուսներ, Մարսի և Յուպիտերի բնակիչներ. Բոլորը՝ բացի իրենից ու իր ՔՊ-ից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Փաշինյանն ապրում է ադամական բարդույթով, երբ Աստված ասում է՝ ինչո՞ւ արգելված պտուղը կերար, ասում է՝ ես ի՞նչ անեմ, Եվան էր: Հիմա սրանն է: Պտուղն ինքը կերել է, հարամն արել է, երկիրը տվել է, հիմա ուրիշներին է փորձում մեղադրել: Բայց ենթագիտակցաբար ինքը գիտի, և բոլորը գիտեն, որ 5000 զոհն ու Արցախի հայաթափումը, 150 հազար հոգու հայրենազրկումն իրենց վրա է: Իր հետ ամեն ինչ պարզ է, բայց ես մի բան չեմ կարողանում հասկանալ՝ կառավարության նիստում իր հետ նստածներն իրենք իրենց խղճի հետ հա՞շտ էին: Իրենք որ իրենց հայելու մեջ նայում են, իրենց բավարարվա՞ծ են զգում: Իրենք այսօր ապացուցել են մի բան, որ Հրանտ Մաթևոսյանը քանիցս ճիշտ էր՝ մարդու և անասունի արանքը հիշողությունն է, իսկ սրանք ցույց տվեցին, որ հիշողություն չունեն: Այսինքն՝ ի՞նչ, 2023-ի սեպտեմբերի 19-ը չի՞ եղել, դրա մասին որ չեն խոսում, ուրեմն չկա՞: Սա բարոյալքման ամենավերջին ստադիան է»,- ընդգծեց նա:

Էդուարդ Շարմազանովն Արցախի հանձնումը համարում է Նիկոլ Փաշինյանի դավաճանության և ազգային ուժերի անվճռականության արդյունք.

«Սա Նիկոլի և նիկոլիստների լկտի անտարբերության, ազգային, մտածող մարդկանց, քաղաքական ուժերի անկարողության, անվճռականության արդյունք էր: Մի տարի առաջ Արցախը հայաթափվել է, մեկ օրում 223 նահատակ ենք ունեցել, իսկ իրենք անգամ նրանց հիշատակը չեն հարգում: Հասկանում եմ, որ հիմա պետք է զգույշ հայտարարություններ անել, բայց մարդկային կերպարը կորցնե՞ք, գոնե մեկ րոպե լռությամբ չհարգե՞ք Ադրբեջանի ֆաշիստական ագրեսիայի արդյունքում նահատակված մեր 223 քույրերին և եղբայրներին, ու բոլորը հաշտ լինե՞ն: Պաշտոններն ու պրեմիաներն անցողիկ են, մեզանից շատ պաշտոնի եղած չլինեք, այդ պաշտոնները գնալու են, վերջում մի բան է մնալու՝ կա՛մ պատիվ, կա՛մ անպատվություն:

Կարդացեք նաև

Մի՞թե այդ ամբողջ կառավարության նիստին մի նախարար չկար, որ կանգներ-ասեր՝ այսօր Արցախի հայաթափման, 223 հայորդիների նահատակման օրն է, մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը: Հետևաբար՝ սրանց բան չկա բացատրելու: Ոնց որ երեխայիդ մահվան մեկ տարին լինի, դու տանը խոսես ծխախոտից: Սա բարոյական դեգրադացիա է: Փաշինյանը գլուխը մտցրել է հողի մեջ՝ իբրև այդպիսի իրականություն չկա: Թուրքն այստեղ էլ է հասնելու, ախր»:

Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի ամբողջ փիլիսոփայությունն այն է, որ հայրենասիրությունը վատ բան է. «Նիկոլ, քո սիրելի գործընկեր Ալիևն է ասել, որ 30 տարի Ադրբեջանը պարտված էր բոլոր միջազգային հարթակներում, իսկ հիմա ի՞նչ է ասում և անում: Մի հոգնած դեպուտատ ունեն, որ ասում է՝ արցախցիները հյուր են այստեղ. Վազգեն Սարգսյանը, որ ողջ լիներ, կկարողանայի՞ք նման բան ասել: Երկրապահներ, ձեր ողջ արժեքն իբրև թե եղել է Արցախի ազատագրումը, բա խոսե՞ք, Արցախի անվան տակ մեկդ գեներալ դարձաք, մյուսդ՝ պատգամավոր, բա չեք ամաչո՞ւմ: Վազգենն ասել է, որ թուրքից ավելի վատ է նա, ով հային բաժանում է լոռեցու, արցախցու, երևանցու և շիրակցու: Սրանք թուրքից ավելի վատն են: 2018-ինը հակաարցախյան շարժում էր:

Քաղաքական տուզիկները, քամելեոնները, շողոքորթներն ու անթասիբները զզվում են արժանապատիվ մարդկանցից. Քանի որ արցախցին իր հավաքական կերպարով հայի ամենաարժանապատիվ տեսակն է, իրենք զզվում են: Արցախցիները ոմանց նման Ադրբեջանի կոշիկները չեն լիզել: Նրանք նախընտրեցին մնալ անտուն, անգերեզման, բայց չլինել թուրքի ստրուկ: Արցախցիները 3 օր կռիվ էին տալիս, սրանք մտել էին ուղիղ եթեր, ասում էին՝ Ալիև ջան, մենք բան չենք անում: Երևանում նստած՝ արցախցիներին են քննադատում: Արցախցիները գուցե մեզ ներեն, բայց Աստված չի ների»:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ հայ ազգն ավելի վատ ժամանակներ է տեսել. «Ես այսօր ընթերցում էի Հովհաննես Քաջազնունու 19 թվականի նամակը կնոջը. Երբ կարդում ես, ներկայիս իրավիճակը նույնիսկ դրախտ է թվում: Պետք չէ թևաթափ լինել, պետք է իրավիճակի ճիշտ գնահատական՝ առանց գերագնահատելու և թերագնահատելու, և լուծումներ: Լուծումներ կան, բայց դրանց համար պետք է հստակ գիտակցում, որ այս անձնավորությունն ինչքան մնաց իշխանության, տալով գնալու է: Նրա մոտ հող տալը լավ է ստացվում, տալիս է, հետո փորձում ապացուցել, թե ինչ ճիշտ էր տալը: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա, մեզ որ լսեին՝ Նիկոլը ո՛չ կգար իշխանության, ո՛չ կվերարտադրվեր: Ընդդիմությունը պետք է հստակ ծրագիր ներկայացնի, միմյանց վրա քարեր չնետեն: Ես ասել եմ իմ ծրագիրը՝ Հայաստանն ազգային պահպանողական գաղափարախոսության, ավանդական, քրիստոնեական արժեքների շուրջ պետք է կենտրոնանա»:

Տեսանյութեր

Լրահոս